Աշխարհում պարենի պակասի խնդիր է առաջացել շուրջ 260 միլիոն մարդու համար
Պարենի համաշխարհային գները հասել են իրենց առավելագույն արժեքներին 2022 թվականի վերջից ի վեր՝ զինված հակամարտությունների, լոգիստիկ խափանումների և արտակարգ եղանակային երևույթների ֆոնին: Ընդ որում, բրնձի արժեքը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր աճել է 50%-ով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Բյուջետային հարցերի գերատեսչության տնօրեն Ռոդրիգո Վալդեսը՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների՝ Բանգկոկում ընթացող տարեկան նստաշրջանի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
«Վերջին տարիներին մենք բազմիցս ականատես ենք եղել գնային ցնցումների պարենային շուկայում։ Մենք տեսել ենք հակամարտություններ, առևտրային և լոգիստիկ խափանումներ, արտակարգ եղանակային երևույթներ, ինչպես նաև էներգակիրների և պարարտանյութերի գների տատանումներ։ Օգոստոսին պարենի համաշխարհային գները կրկին հասան իրենց ամենաբարձր մակարդակին 2022 թվականի վերջից ի վեր, թեև դրանք դեռևս մոտ 20%-ով ցածր են այդ ժամանակահատվածում գրանցված առավելագույն ցուցանիշներից։ Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից ի վեր բրնձի գինը բարձրացել է 50%-ով, ցորենինը՝ 37%-ով, սոյայիը՝ 21%-ով», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Պաշտոնյան հավելել է, որ աշխարհում նախկինի նման պարենի պակասի խնդիր է առաջացել շուրջ 260 միլիոն մարդու համար։
Վալդեսի խոսքով՝ բացասական ազդեցությունն առանձին երկրների մակարդակով սրվում է Էլ Նինյո եղանակային երևույթի պատճառով, որը ջրի պակաս և անոմալ շոգ է առաջացնում Սահելի, Աֆրիկյան եղջյուրի, Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաև Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջաններում։
«Մեր գնահատումներով՝ միայն ջերմաստիճանային անոմալիաները տուժած երկրներում արդեն իսկ հանգեցնում են ՀՆԱ-ի մոտ 0,5 տոկոսային կետի կորստի», - նշել է գերատեսչության ղեկավարը:



