ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած երկու երիտասարդի զինծառայությունից ազատեց

Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած երկու երիտասարդի զինծառայությունից ազատեց

Կառավարությունը Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում ընդունեց:

Ըստ հիմնավորման, կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, նրանք ընդունվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտուրան և շարունակել են իրենց գիտական և գիտատեխնիկական գործունեությունը՝ Գ. Չիբուխչյանը 2019 թվականից, իսկ Հ. Չիբուխչյանը 2020 թվականից առ այսօր աշխատում են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում՝  որպես դասախոս:

Գրիգոր Սուրենի Չիբուխչյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 033 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Միկրոավտոբուսների տրանսմիսիայի հուսալիության գնահատումը և բարելավումը» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Տրանսպորտային միջոցների ամբիոնում» որպես դասախոս:

Նա որպես միայն իր կողմից հեղինակած և համահեղինակ հրապարակել է հոդվածներ և միջազգային գիտաժողովներում զեկույցներ՝ նվիրված տրանսպորտային միջոցների և տեխնոլոգիական սարքավորումների հուսալիության, երկարակեցության և աշխատունակության բարձնարցման հիմնահարցերին, որոնք ներկայումս կարևոր նշանակություն ունեն Հայաստանում և ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսության տարբեր ոլորտներում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման համար:

  Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-ին  պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 034 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Թռչող ապարատների բարեկապատ մեքենամասերի ամրության բարձրացումը ուլտրաձայնային տեխնոլոգիայի կիրառմամբ» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»  հիմնադրամի «Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնում» որպես դասախոս:

Նա որպես միայն իր կողմից հեղինակած և համահեղինակ հրապարակել է գիտական հոդվածներ՝  Հայաստանի և արտերկրների գիտատեխնիկական առաջատար ամսագրերում նվիրված թռչող ապարատների և անօդաչու թռչող սարքերի մեքենամասերի շահագործական հատկությունների բարձրացմանը և առավել արդյունավետ ուլտրաձայնային եղանակի կատարելագործմանն ու գործնական արդյունավետ կիրառմանը:

  • Կիսվել: