երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրեց 2,78 մլրդ դրամով

Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրեց 2,78 մլրդ դրամով

Կառավարության որոշմամբ 2 միլիարդ 784 միլիոն դրամով ավելացվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցները: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, թե դրա համար հիմք են ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին շարունակական խորհրդակցւթյուններն ու դրանց շրջանակներում տրված հանձնարարականները: Միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը՝ նշեց փոխնախարարը:

Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու հիմնական ոլորտներին՝

  • Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին, որին հատկացվելու է 1,031,740.9 հազ. դրամ: Եվ սա ուղղվելու է ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից և կարևորագույն նշանակություն ունեցող սարքավորումների ձեռքբերմանը:
  • Թեմատիկ գիտական հետազոտություններին, որին հատկացվելու է 1 միլիարդ 638 միլիոն դրամի չափով գումար, որը մի շարք ուղղություններ ունի: Առաջինը պայմանագրային թեմատիկ հետազոտություններն են, որոնք հնարավորություն են տալու գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավոր հավաքած հայտերը ֆինանսավորվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ գիտության ֆինանսավորման մեծացման թեման բազմիցս է քննարկվել, բայց միայն գումար ավելացնելը չի նշանակում, որ կհասնենք բովանդակային արդյունքի: Ըստ Փաշինյանի՝ կարևոր է իմանալ, որ արվող ներդրումը համակարգի կողմից կարող է մարսվել, այսինքն՝ դրա համար կան համապատասխան մեխանիզմներ և ինստիտուցիոնալ հիմքեր, և երկրորդը՝ այդ ներդրումը կլինի նպատակային և կծառայի գիտության զարգացմանը:

«Որոշումը երկար քննարկումների արդյունք է, և մենք փորձում ենք, որ սա լինի ոչ միայն առանձին վերցված որոշում, այլև գիտության շարունակական զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Սա առաջին փուլն է: Եվ պրոցեսը լինելու է շարունակական»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ կրթության ու գիտության ոլորտն ունի ռազմավարական նշանակություն:

  • Կիսվել: