Կառավարության նպատակը հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումն է. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից:
Քննարկվել են օրենքի կիրարկման համատեքստում գույքային հարկերի համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդաբանությանը, ներդրման ժամանակացույցին, անշարժ գույքի շուկայական և կադաստրային արժեքի արդյունավետ համադրմանը, գույքային հարկերն սպասարկող ծրագրային համակարգերի ապահովմանը, հանրային ներկայացմանը վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել աշխատանքը և մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նախատեսվող փոփոխությունների մոդելավորված տարբերակի և ներդրման ժամանակացույցի վերաբերյալ: