Գրոզնիում տեղի է ունեցել Չեչնիայի ղեկավարի երդմնակալության արարողությունը
Գրոզնիում տեղի է ունեցել Չեչնիայի ղեկավարի պաշտոնում Ռամզան Կադիրովի երդմնակալությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռամզան Կադիրովը («Եդինայա Ռոսիա») սեպտեմբերին անցկացված ընտրություններում հաղթել է՝ հավաքելով քվեների 99.85%-ը։ Այս արդյունքները գերազանցում են 2016 և 2021 թվականների ցուցանիշները։ Կադիրովը դահլիճ է մտել որդու՝ հանրապետության ղեկավարի օգնական, Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովի ուղեկցությամբ։ Երկուսն էլ ազգային տարազով են եղել։
«Երդվում եմ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի լիազորություններն իրականացնելիս հարգել և պահպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, պահպանել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, պահպանել և պաշտպանել Չեչնիայի Հանրապետության Սահմանադրությունը, հավատարմորեն ծառայել բազմազգ ժողովրդին», — հայտարարել է Կադիրովը։
Կադիրովը պաշտոնապես ստանձնել է հանրապետության ղեկավարի պաշտոնը իր 50-ամյակի օրը։ Նա երդում է տվել ռուսերեն և չեչեներեն լեզուներով։



