ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու․ արքեպիսկոպոս Աջապահյան

Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու․ արքեպիսկոպոս Աջապահյան

Ասպարեզ դրվեց թեզը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պիտի հանվի՝ իբրև առանձին առարկա,  բարձրագույն մակարդակով այդ մասին հայտնվեց, հետո հանրակթական չափորոշիչները դրվեցին ընդհանուր քննարկման, այդ քննարկումը չավարտված՝ դրվեցին նաև առարկայական չափորոշիչները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ այսօր քննարկվել է եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։

«Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ եկեղեցին տրված ժամկետի մեջ ներկայացրեց իր դիտողությունները, որոնց, որքան գիտեմ, առայսօր պատասխան չի եղել։ Պատասխանները չստացած, քննարկումները չավարտած՝ ասպարեզ նետվեցին առարկայական չափորոշիչները, և մեր ենթահանձնախումը դարձյալ հավաքվեց և կարծիք հայտնեց այդ առարկայական չափորոշիչների վերաբերյալ»,- նշեց Աջապահյանը:

Նրա խոսքով՝ կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու։

«Ես՝ իբրև ենթահանձնախմբի ատենապետ, այնքան մտահոգված չեմ մեր պատասխանի բովանդակությամբ, որքան մտահոգ եմ այս երկխոսության բացակայությամբ։ Երկու տարի է՝ մենք գոյություն ունենք, սակայն կառավարության ներկայացուցիչների հետ չենք աշխատում: Մենք միշտ պատրաստակամ ենք եղել ցանկացած պահի այդ հանդիպումը ունենալ, և այդ հանդիպումը չեղավ:

Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու, այլ մեկնաբանություն այս պահին ես չունեմ:  Իսկ եթե այս մոտեցումը պիտի շարունակվի, մենք էլ պիտի սկսենք զբաղվել մենախոսություններով, և մեր կարծիքը հայտնենք հրապարակային՝ մեր հույսը դնելով հասարակական կարծիքի ձևավորման վրա»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից։

«Մայր Աթոռը սպասում է, որ պետական լիազոր կրթական մարմինը հարգի նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առարկայի, որպես առանձին բաղադրիչ դասավանդման առնչությամբ»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը

  • Կիսվել: