ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կառավարական կենտրոնի փորձագետն իշխանություններին մեղադրում է իրեն երկրից վտարելու համար

Կառավարական կենտրոնի փորձագետն իշխանություններին մեղադրում է իրեն երկրից վտարելու համար

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից սահմանապահները մեկնելիս վերցրել են կացության վկայականը, իսկ վերադառնալիս արգելել են մուքտը երկիր և արտաքսել են:

Հիշեցնենք, որ այս մասին Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ մասնավորապես նշելով հետևյալը.

«Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ…

Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը։ Մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը ինձնից վերցրեց կացության քարտս՝ պատճառաբանելով, թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։

Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն։

Բարեկամներս, ընկերներս և բոլոր ծանոթներս ինձ ճանաչում են որպես Հայրենասեր մարդու, ով երկար տարիներ ճակատագրի բերումով ստիպված է եղել ապրել Հայրենիքից հեռու, բայց այնուամենայնիվ որոշել է, որ պարտավոր է վերադառնալ Հայաստան, ապրել և ստեղծագործել իր հայրենի հողում՝ նպաստելով Հայոց պետականության զարգացմանը։

Կյանքիս առնվազն վերջին 8 տարին նվիրել եմ այդ նպատակին»:

Հովհաննիսյանը նաև գրել էր. «Եթե հայաստանյան իշխանությունների կողմից համապատասխան /ոչ էմոցիոնալ/ արձագանք և լուծում չտրվի այս խնդրին, ապա կարող եմ եզրակացնել, որ տեղի ունեցածը նախապես ծրագրավորված գործողություն էր, որն ուղղված է հայրենիքն իսկապես սիրող հայերին երկրից վտարելու՝ փոխարենը անհայտ ծագում ու կողմնորոշում ունեցողներով երկիրը լցնելու նպատակին։ Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար։ Հուսով եմ, որ պատկան մարմինները կկարողանան համապատասխան լուծում տալ այս խնդրին՝ հակառակ դեպքում այսուհետ նրանց կողմից հնչեցրած ցանկացած միտք կարող է դիտվել որպես դավադրություն՝ ուղղված Հայ ժողովրդի և Հայոց պետականության դեմ»:

Այս հարցի վերաբերյալ Կառավարությունից ոչ մի մեկնաբանություն չկա:

Հայտնի է, որ Անդրանիկ Հովհաննիսյանը նշված ՊՈԱԿ-ում աշխատում էր դեռ նախկին իշխանությունների ժամանակաշրջանից, և նույնիսկ որոշում կար, որ նա պետք է ղեկավարի այդ ՊՈԱԿ-ը:

  • Կիսվել: