շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարանտինը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով. Արսեն Թորոսյանը՝ վեբինարի ժամանակ

Կարանտինը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով. Արսեն Թորոսյանը՝ վեբինարի ժամանակ

Մենք սահմանափակել ենք մարդկանց տեղաշարժը, մոտ մեկ շաբաթ է, ինչ երկիրն ամբողջովին փակ է, կարանտինի մեջ, որը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով: Այդ մասին «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Մենք պետք է արագ արձագանքեինք ու կանխարգելեինք չինացիների մուտքը ու վարակի ներթափանցումը երկիր: Այդ պատճառով մենք արագ չեղարկեցինք վիզայի ազատականացման ռեժիմը: Փակեցինք նաև մեր հարևան Իրանի հետ սահմանը: Շատ արագ ենք արձագանքել ու քայլեր ձեռնարկել, որում, կարծում եմ, մենք հաջողել ենք: Ամբողջ կառավարությունը մոբիլիզացվել էր»,- ասաց նախարարը:  

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին, վարակը ներթափանցել էր Իրանից: Երկրորդ և երրորդ դեպքերը՝ Իտալիայից:

«Հայաստանն առերեսվել է առանձնահատուկ մարտահրավերի, քանի որ Չինաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմն ուժի մեջ էր մտել հենց այն ժամանակ, երբ այդ երկրում սկսվել էր կորոնավիրուսի համաճարակը: Ի՞նչ միջոցներ ենք մենք կիրառում: Հայաստանի կառավարությունն իրականացնում է այն քայլերը, որոնք առաջարկում է ԱՀԿ-ն, ՄԱԿ-ը կամ միջազգային հանրությունը: Մենք սահմանափակել ենք մարդկանց տեղաշարժը, մոտ մեկ շաբաթ է, ինչ երկիրն ամբողջովին փակ է, կարանտինի մեջ, որը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով: Մենք թեստավորման գործունեություն ենք ծավալում, վարակակիրների շփման հետագծին ենք հետևում, շփման շրջանակում գտնվողներին մեկուսացնում և ինքնամեկուսացնում ենք: Բուժման համար երկրորդ քայլն այն է, որ առողջապահության համակարգում ստեղծել ենք ճյուղ, բաժանմունք, որը զբաղվում է միայն կորոնավիրուսով»,- նշեց Ա.Թորոսյանը:

  • Կիսվել: