ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կանխարգելումը ցեղասպանությունների կարևոր գործոններից մեկն է. Լատվիայի նախկին նախագահ

Կանխարգելումը ցեղասպանությունների կարևոր գործոններից մեկն է. Լատվիայի նախկին նախագահ

Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսի դիտարկմամբ՝ կանխարգելումը ցեղասպանությունների ամենակարևոր գործոններից մեկն է, որին առերեսվում է միջազգային հասարակությունն ու միջազգային իրավունքը: 

Այս մասին լատվիացի նախկին պաշտոնյան հայտարարեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների և նման հանցագործությունների կանխարգելումը շատ կարևոր գործառույթ է միջազգային հանրության համար, և կարևոր է հասկանալ, որ  արդարադատությունը և միջազգային իրավունքը պետք է կարողանան դառնալ շատ կարևոր մեխանիզմ՝ ապահովելու համար, որ այն մարդիկ, ովքեր իրականացնում են ցեղասպանություն և այլ ոճրագործություն, կենթարկվեն պատասխանատվության: 

Լևիտսի բնորոշմամբ՝ նույնիսկ, եթե միջազգային իրավունքն ունի որոշակի թերություններ, այդուհանդերձ, այն ունի գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելելու ցեղասպանությունները և ուժեղացնելու քաղաքական կամքը՝ բերելու նրան, որպեսզի հարգվի միջազգային իրավունքը և օգնելու միջազգային դատարաններին պատժել հանցագործություններ, ոճրագործություններ և ցեղասպանություն իրականացնողների գործողությունները: Ըստ նրա՝ դեմոկրատիայի պարագայում հասարակությունը շատ կարևոր դեր է խաղում՝ սահմանելու և ուժեղացնելու այս քաղաքական կամքը։

«Այդ կամքը կօգնի վերապրածներին և զոհերի ընտանիքներին ստանալ հատուցումներ օրենքի ուժով և կօգնի հասկանալ, որ նրանց տառապանքները ճանաչվում են, կօգնի վերականգնել այն տրավմաները, որոնք հասցվել են ցեղասպանության ժամանակ՝ վերականգնելով այդ մարդկանց արժանապատվությունը»,-ընդգծեց Էգիլս Լևիտսը։ 

Նրա դիտարկմամբ՝ սա շատ կարևոր է՝ հասկանալու համար այն հասարակությունների վիճակը, որոնք վերապրել են դա։ 

«Սա նաև վերաբերվում է այն դեպքերին, որոնք առնչվում են պատմական ցեղասպանություններին, որոնք տեղի են ունեցել անցյալում և շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որովհետև սա անհրաժեշտ է՝ բուժելու պատմական վերքերը. ցեղասպանությունը, եթե այն չի ընդունվում որպես այդպիսին, երկարացնում է հասարակության մեջ տրավման ապագա սերունդների համար: Միջազգային արդարադատության մեխանիզմն ազդակ է, որը բերում է նրան, որ այդ ծանր հանցագործությունները, ոճրագործությունները և ցեղասպանությունները կպատժվեն ու կկանխվեն ապագայում»,-նկատեց Լևիտսը՝ հավելելով, որ Միջազգային դատարանը մեկ այլ գործիք է, որը կարող է պատժել ցեղասպանություններն իրականացնողներին, և այն հիմնականում գործում է երկրների փոխհամագործակցության հիմքով:

Լատվիայի նախկին նախագահի կարծիքով՝ կանխարգելումը ցեղասպանությունների ամենակարևոր գործոններից մեկն է, որին առերեսվում է միջազգային հասարակությունը, միջազգային իրավունքը: 

«Պետք է շարունակել զարգացնել և հզորացնել միջազգային իրավունքը, միջազգային արդարադատությունը»,-շեշտեց Էգիլս Լևիտսը:

Նա նշեց, որ այն կոնվենցիան, որը վերաբերում է ցեղասպանությունների պատժմանը, ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականին և ուղղված է միջազգային հանրության հնարավորություններին՝ կանխելու նմանատիպ հանցագործությունները։ 

«Այն ոչ միայն սահմանում է ցեղասպանությունը, բայց նաև պարտավորում է բոլոր պետություններին կանխարգելել և պատժել մեղավորներին։ Միջազգային դատարանը և միջազգային տրիբունալները, օրինակ՝ նմանատիպ հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Ռուանդայում կամ նախկին Հարավսլավիայում, նմանատիպ պարտավորությունների ստանձնման օրինակներ են, և նմանատիպ օրինակ է»,-նշեց Լատվիայի նախկին նախագահը: 

Նրա բնորոշմամբ՝ չնայած միջազգային իրավունքի ունեցած հաջողություններին, այն հաճախ առերեսվում է որոշակի խնդիրների՝ կանխարգելելու համար ցեղասպանությունները: 

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, որը նույնպես մեծ փորձություն է, ցույց է տալիս, որ ռուսաստանյան ուժերն իրականացրել են ցեղասպան կամ ցեղասպանանման գործողություններ, մասնավորապես դեպորտացիայի և Ուկրաինայի երեխաների ռուսիֆիկացումներ, ինչպես նաև ատելության խոսք, ինչպես նաև այլ ատելության գործողություններ, որոնք վերաբերում են ուկրաինական ինքնության ոչնչացմանը: Օրինակ՝ ռուսաստանյան կառավարության ներկայացուցիչները ուկրաինացիներին ասում են, որ նրանք պետք է նորից վերակրթվեն և ունենան ճիշտ կրթություն, ճիշտ իրականություն, և սա կարող է համարվել որպես ոճրագործություն»,-նշեց Էգիլս Լևիտսը: 

Նրա խոսքով՝ կան նաև որոշակի նախազգուշացնող նշաններ, որոնք ցույց են տալիս Իսրայելի ուժերի միջամտությունը Գազայում, որը կարող է վերաբերվել որպես պոտենցիալ հանցագործություններ պատերազմական գործողությունների ընթացքում: 

«Այս բոլոր գործողությունները պիտի մանրամասն վերլուծվեն, և այստեղ պետք է վերահսկողություն միջազգային իրավունքի սահմաններին համապատասխան՝ կանխելու համար ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների իրականացումն այնտեղ, որտեղ նրանք առաջանում են։ Ես ուզում եմ նաև նշել, որ մենք միշտ պետք է օգտագործենք ցեղասպանություն տերմինը ճիշտ ձևով, որ չդարձնելով այս ահավոր հանցագործությունը սովորական մի տերմին: Մենք չպետք է խուսափենք՝ վախենալով օգտագործել այս բառը, մեր լեզուն, մեր խոսքը և գործողությունները միշտ պիտի լինեն ճիշտ և ազնիվ»,-ասաց Լատվիայի նախկին նախագահը։

 

  • Կիսվել: