ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանադայի կազմակերպած զորավարժությունները Վրաստանում

Կանադայի կազմակերպած զորավարժությունները Վրաստանում

Վրաստանն առաջին անգամ մասնակցում է Կանադայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Maple Arch 2021» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ տեղեկության՝ Կանադայի պաշտպանական ուժերի ղեկավարմամբ անցկացվող զորավարժություններին Վրաստանը մասնակցում է պաշտպանական ուժերի արևելյան հրամանատարության ղեկավարությամբ, գրում է «Ալիք մեդիան»։

Նշվում է, որ բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) հրապարակում։ Բացումը կատարել են Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Իրակլի Ճիճինաձեն ու Կանադայի պաշտպանության նախարարության ռազմական պատրաստվածության տնօրինության ներկայացուցիչ մայոր Շոն Դ. Քլարկը:

Երկշաբաթյա հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC):

Զորավարժություններին մասնակցում են կանադացի, վրացի, լիտվացի, ուկրաինացի, լեհ և թուրք զինծառայողներ։

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից երկրների միջև փոխգործակցությունը, ամրապնդել գործընկեր երկրների միջև պաշտպանական կապերը և նրանց մոտեցնել խաղաղապահ գործողությունների իրականացման գործընթացում ՆԱՏՕ-ի չափանիշներին։ 

  • Կիսվել: