հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Կացնով բացել է պատուհանները և հանել զարդերը». Փարիզում թալանել են «աշխարհի լավագույն հյուրանոցը»

«Կացնով բացել է պատուհանները և հանել զարդերը». Փարիզում թալանել են «աշխարհի լավագույն հյուրանոցը»

Կողոպտիչները գրոհել են փարիզյան հեղինակավոր George V հյուրանոցը, որը մի շարք հրատարակություններ բազմիցս ճանաչել են «աշխարհում լավագույնը»: Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնում են տեղական Le Figaro-ն և Le Parisien-ը՝ վկայակոչելով գործի քննությանը մոտ կանգնած աղբյուրների խոսքերը:

Լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, տեղական ժամանակով մոտավորապես 21:30-ին:

«Հարձակվողները երկուսն են եղել: Նրանք մտել են հյուրանոցի շենք, կոտրել ապակիները և  գողացել զարդեր, որոնց թվում են եղել հայտնի ոսկերչական ապրանքանիշերի արտադրանքներ», - լրագրողներին տեղեկացրել են ոստիկանությունից:

Le Parisien-ը, վկայակոչելով սեփական աղբյուրների խոսքերը, նշում է, որ կողոպուտի մեջ ներգրավված է եղել 1 անձ: Նա մտել է շենք և ատրճանակն ուղղել է հյուրանոցի նախասրահում գտնվող երկու աշխատակցի վրա: Հետո կացնով բացել է պատուհանները և հանել զարդերը: Գողոնը նա տեղավորել է գրպանները, այնուհետև դուրս եկել փողոց, որտեղ սկուտերի վրա նրան է սպասել իր հանցակիցը:

Դրանից հետո երկուսը փախել են հանցագործության վայրից: Նրանց ինքնությունը դեռևս չի պարզվել, քանի որ դիմակավորված են եղել: 

Հիշեցնենք՝ George V հյուրանոցը պատկանում է կանադական Four Seasons Hotels and Resorts ընկերությանը: 2014 թվականին այն արժանացել է Conde Nast Traveller Lifestyle ամսագրի «Ծառայությունների համար աշխարհի լավագույն հյուրանոց» կոչմանը:

Բացի այդ, երկար տարիներ հյուրանոցը The Gallivanters Guide-ի կողմից ճանաչվել է լավագույնն իր կատեգորիայում:

  • Կիսվել: