հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կա խաղաղության պայմանագրի միայն երկու տեքստ, մեկը՝ առաջարկված Մոսկվայի կողմից, մյուսը՝ Ադրբեջանի, արևմուտքը որևէ տեքստ չի առաջարկել․ ԱԽ քարտուղար

Կա խաղաղության պայմանագրի միայն երկու տեքստ, մեկը՝ առաջարկված Մոսկվայի կողմից, մյուսը՝ Ադրբեջանի, արևմուտքը որևէ տեքստ չի առաջարկել․ ԱԽ քարտուղար

Խաղաղության պայմանագրի տեքստի 2 տարբերակ կա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսպես անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մրցակցություն կա Ռուսաստանի և արևմուտքի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկների առումով․

«Եթե տաք մրցակցության սահմանումը, ավելի հեշտ կլինի այդ հարցին պատասխանել։ Մրցակցություն ասելով ի՞նչ ենք հասկանում»։

«Խաղաղության պայմանագրի տեքստի 2 տարբերակ կա՝  մեկը առաջարկել է ՌԴ-ն  և մյուսը այն տեքստն է, որի վրա աշխատում ենք, որի մասին  խոսում ենք, որ սկզբում Ադրբեջանը մեզ տվել է, մենք աշխատել ենք, տվել ենք Ադրբեջանին, հիմա  իրենք են աշխատել, մեզ տվել և մենք ենք աշխատում։ Խաղաղության պայմանագրի տեքստը չի հրապարկվել այս պահին, ես չեմ տեսել հրապարակում դրա մասին, կարող եմ ասել, որ խաղաղության պայմանագրի տեքստը որպես այդպիսին ես հրապարակային չեմ տեսել»,- նշեց Գրիգորյանը և վերահաստատեց․ « Կա միայն 2 տեքստ, մեկը՝ առաջարկված  Մոսկվայի կողմից, մյուսը՝ Ադրբեջանի կողմից, արևմուտքը որևէ տեքստ  մեզ չի առաջարկել։ Արևմուտքը փորձել է  միջավայր ստեղծել բանակցության համար, Մոսկվան ևս այդպիսի միջավայր փորձում է ստեղծել,  և այստեղ կարևոր են մեսիջները, որ երկու կողմից ստացել ենք, որ կարևոր է մենք խաղաղության հասնենք  և Հայաստանը ու Ադրբեջանն են այս ուղղությամբ հիմնական շահառուն և պետք է փորձեն աշխատել այս ուղղությամբ»։

Լրագրողների դիտարկմանը, թե խոսվում է, այդ թվում վարչապետի կողմից, խաղաղության պայմանագրի արևմտյան և ռուսական  տարբերակի մասին, Գրիգորյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ խոսքերը աղավաղած եք ներկայացնում, չկա այդպիսի 2 տեքստ ։ Համոզված եմ, որ չի կարող մեր կողմից որևիցե մեկը ասել, որ կա 2 տեքստ։  Մենք Բրյուսելից կամ Վաշինգթոնից որևիցե թուղթ չենք ստացել  խաղաղության պայմանագրի վերաբերյա»։ 

Հարցին, թե ռուսական տարբերակում առաջարկվում է ԼՂ հարցը թողնել հետոյին, ի՞նչ մեկնաբանություն ունի Գրիգորյանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց․  «Մենք  ասել ենք, որ կողմ ենք դրան, եկեք առաջ շարժվենք և  Սոչիի հանդիպումից առաջ մենք և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային  առաջարկել ենք, որ ՌԴ առաջադրած փաթեթը  նշվի Սոչիի հայտարարության մեջ , Սոչիի հայտարարության մեջ դա չի նշվել», - հարցին, թե ինչու՞ չի նշվել, նա պատասխանեց․  «Կդժվարանամ պատասխանել, ճիշտ կլինի՝  Ռուսաստանից հարցնեք»։

  • Կիսվել: