կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ կաշխատենք ուժեղացված ռեժիմով. ԱԻ նախարար

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ կաշխատենք ուժեղացված ռեժիմով. ԱԻ նախարար

Քանի որ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, պետք է ամեն ինչ անենք անտառային հրդեհներից խուսափելու համար: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ առաջին գործոնը մեր հարգելի և սիրելի քաղաքացիների մոտեցումն է և նրանց որոշակի վարքագիծը բնության գրկում. պետք է խնդրենք հակահրդեհային կանոնները պահպանել: Ապակե տարաներ թողնելը բնության գրկում ամենավտանգավոր բանն է: Մեր հաջորդ խնդիրն այն է, որ ԱԻՆ-ը, նախ, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնի, երկրորդ՝ պատրաստ լինի հնարավորինս օպերատիվ արձագանքել դեպքերին»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի հրդեհաշիջման աշխատանքների կատարման նպատակով ձեռք բերված ուղղաթիռների փորձարկումներն արդեն կատարվել են: Նա ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց համոզվել, որ այդ ուղղաթիռները գործունակ են, և կա պատրաստված անձնակազմ:

«Հրատապ նիստ է հրավիրվել ԱԻՆ-ում, քննարկվել է ներկա վիճակը, և ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ մենք կաշխատենք մի փոքր այլ՝ ուժեղացված ռեժիմով:

«Ուղղաթիռների հետ կապված՝ մայիսին տեղի է ունեցել վերջին վարժանքը, այն ամբողջությամբ իրականացված է, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քարտեզագրված են մեր բոլոր ջրային ռեսուրսների տեղերը. հստակ, ուղղաթիռին կարող ենք տալ կոորդինատը, թե որտեղից կարելի է ջուր վերցնել:

Մեր բոլոր մարզային վարչության ղեկավարները երեկ և այսօր էլ կլինեն հանգստյան գորտիներում, զրուցելով դրանց սեփականատերերի հետ, նաև այլ անտառային տարածքներում համագործակցելով ՇՄՆ համապատասխան աշխատակիցների հետ, որտեղ կա մարդկային գործոն, քաղաքացու մուտք, այնտեղ քաղաքացիներին կհորդորվի  և կպահանջվի պահպանել հակահրդեհային կանոնները»,- ասաց ԱԻ նախարարը: 

  • Կիսվել: