չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իտալիան մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստել իր բնակչության առնվազն 80 տոկոսին մինչեւ սեպտեմբերի վերջ

Իտալիան մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստել իր բնակչության առնվազն 80 տոկոսին մինչեւ սեպտեմբերի վերջ

Շաբաթ Իտալիայում հայտարարել են, որ մտադիր են պատվաստել բնակչության առնվազն 80 տոկոսին մինչեւ սեպտեմբերի վերջ: Հայտարարությունն արվել է դանդաղ պատվաստումների ֆոնին քննադատությունից հետո:

 
Բանակի գեներալ եւ կորոնավիրուսի հարցով նոր հատուկ լիազորված Ֆրանչեսկո Պաոլո Ֆիգլիուոլոն հրապարակել է օրական 500 000 չափաբաժնով պատվաստումների ազգային ծրագիրը:
 
Իտալիայում գրանցվել է 2020 թվականի փետրվարից առ այսօր կորոնավիրուսի հետեւանքով 101 881 մահվան դեպք, ինչը Եվրոպայում երկրորդ ցուցանիշն է Մեծ Բրիտանիայից հետո եւ յոթերորդն՝ աշխարհում: Ներկայում երկրում հայտնաբերվել է 3,2 մլն վարակման դեպք:
 
Իտալիան հույս ունի ստանալ ավելի շատ պատվաստանյութեր, ընդ որում՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կմեծանա՝ առաջին եռամսյակում 15,7 մլն դեղաչափից հասնելով 52,5 միլիոնի երկրորդ եռամսյակում եւ կհասնի գագաթնակետին՝ 84,9 միլիոնի երրորդում, ասված է փաստաթղթում:
 
Նախատեսվում է պատվաստումներով զբաղվող բժիշկների շրջանակն ընդլայնել՝ ընդգրկելով ընտանեկան բժիշկներին, ատամնաբույժերին, կրտսեր բժիշկներին եւ այլ մասնագետներին:
 
Պատվաստումները կիրականացվեն նաեւ զորամասերում, արտադրամասերում, խոշոր առեւտրային կետերում, մարզասրահներում, դպրոցներում եւ կաթոլիկ եկեղեցիների տարածքներում՝ ի լրումն գործող բուժհաստատությունների:

  • Կիսվել: