ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իտալացի 26 խորհրդարանականներ գոհունակություն են հայտնել կալանավորված տասը հայ գերիների ազատ արձակման կապակցությամբ

Իտալացի 26 խորհրդարանականներ գոհունակություն են հայտնել կալանավորված տասը հայ գերիների ազատ արձակման կապակցությամբ

Իտալացի 26 պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ գոհունակություն են հայտնում դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից կալանավորված տասը հայ գերիների ազատ արձակման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է իտալական ՛՛Նովա՛՛-ն:

Իտալիայի խորհրդարանականները, մասնավորապես, ասել են. ՛՛ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մամուլի հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ Ադրբեջանը վերադարձել է Հայաստանին տասը ռազմագերիների:

Մենք արտահայտում ենք գոհունակություն. եվրոպական միջնորդությամբ արձանագրվել են բարելավման կարևոր ազդակներ։ Լիահույս ենք, որ սա միայն սկիզբն է բոլոր կալանավորվածների ազատ արձակման, որոնք պահվում են ապօրինի կերպով, և որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջնական լուծում տալու նպատակով՛՛։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին բազմակուսակցական կոչ էին ստորագրել՝ ուղղված վարչապետ Մարիո Դրագիին՝ խնդրելով Արևելյան Գործընկերության շրջանակում Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար նախապայման դարձնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով կալանավորված ռազմագերիների և խաղաղ բնակիչների ազատ արձակումը։

Հայտնի են համատեղ հայտարարությունը ստորագրած պատգամավորնեի անունները՝ Էնրիկո Այմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրերի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Էլենա Մորելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլիո Պատասինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, Մատտեո Սալվինի, Օրիետտա Վանին։

  • Կիսվել: