երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Իշխանությունը շարունակում է քաղաքական հաշվեհարդարի խայտառակ գործընթացը. Արման Աբովյան

Իշխանությունը շարունակում է քաղաքական հաշվեհարդարի խայտառակ գործընթացը. Արման Աբովյան

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն իր գրառմաբ անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթի հարուցմանը։ 

Նա, մասնավորապես, նշել է․

«Գիտե՞ք ինչով է զբաղվում պետական խնդիրներով մտահոգված նորմալ և պատասխանատու իշխանությունը, երբ երկրի սահմաններում աննախադեպ ռազմական լարվածություն է, պետությանը օր և գիշեր սպառնում են պատերազմով և այս ամենը կորոնովիրուսի համաճարակի տարածման պայմաններում։ Գումարած տնտեսական աննախադեպ ճգնաժամ,որի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ զրկվում են հաց վաստակելու հնարավորությունից։

Պատասխանատու իշխանությունը, ադեկվատ արձագանքում է և մի կողմ դրած ներքաղաքական տրնգի պարելը, զբաղվում է պետության գոյությանը սպառնացող խնդիրների հրատապ լուծումներով։

Իսկ ինչո՞վ է զբաղված մեր իշխանությունը...

Մեր իշխանությունը մի կողմ դնելով պետության առջև ծառացած վտանգները, շարունակում է քաղաքական հաշվեհարդարի խայտառակ գործընթացը ։

Ասեմ ավելին, այս լարված օրերին, ոչ մի վայրկյան չեն դադարել Բարգավաճ Հայսատան կուսակցության անդամների և համակիրների հարցաքնությունները, որոնցից ամեն կերպ փորձում են կորզել ցուցմունքներ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ ի դեմ։

Կրկնեմ, սա այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է լրջագույն վտանգների առջև։

Եվ ահա, իշխանությունները առաջնորդվելով այդ տրամաբանությամբ, որոշեցին ինչ որ նոր հնարք կիրառել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկար բարակ մտածեց և որոշեց, որ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ Գագիկ Ծառուկյանը, իր ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ հանդեպ կատարելով օրենքով նախատեսված գործողություններ,ՀՆԱՐԱՎՈՐ է ինչ որ խախտում է արել։

Այո՛, դուք չսխալվեցիք հարգելիներս, խոսքը ՕՐԵՆՔՈՎ նախատեսված գործողություների մասին է ։

Ահա պաշտոնական հաղարդագրության մի հատված

«Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրվել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը)»։

Կարծես թե հասկանալի և ՕՐԻՆԱԿԱՆ քայլ է, երբ սեփականատերը լիազորում է իր սեփականության կառավարչի փոփոխություն։

Բայց արի ու տես, որ անտեսելով սույն գործընթացի ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ակնհայտ փաստը ինչ որ անհասկանալի գործընթաց է սկսվել ։

Ողբամ ձեզ իշխանություն, որ նույնիսկ այս պայմաններում ձեր նեղ շահերը դասում եք պետական շահերից վեր։

Համոզված եմ, որ եթե իշխանությունները նույն եռանդով լծվեին երկրի առջև կենսական խնդիրները լուծելու գործընթացներին, այլ ոչ թե քաղաքական հաշվեհարդար իրականացնեին, երկրում կլիներ որակային առումով լրիվ այլ իրավիճակ»։ 

  • Կիսվել: