հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իշխանությունը փորձում է Արցախը զոհաբերելու միջոցով «փրկել» Հայաստանը․ Սարգսյան

Իշխանությունը փորձում է Արցախը զոհաբերելու միջոցով «փրկել» Հայաստանը․ Սարգսյան

Հայաստանի իշխանությունը փորձում է Արցախը զոհաբերելու միջոցով ՛՛փրկել՛՛ Հայաստանը։ Այս մասին այսօր իր ՛՛Բանակցային առաջնագծում՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ գործող իշխանությունների վարած բանակցությունները համարում է ՛՛անատամ՛՛։

՛՛Ես չգիտեմ` իրենք ինչ են բանակցում խաղաղության մասին, չեմ կարող հարյուր տոկոսով ինչ–որ բան ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարիչներն օրումեջ կարծիք են փոխում։ Մենք չենք ուրախանում այն փաստից, որ սրանք այդքան զիջողական են և այդքան մեզ ստորացնում են՛՛,-նշեց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ երրորդ նախագահը 2018 թվականին անցնցում իշխանությունը հանձնեց, որպեսզի նոյեմբերի 9-ի բովանդակությամբ փաստաթուղթ չստորագրի՝ Սարգսյանն արձագանքեց. ՛՛Ականատես մարդիկ կարող են հաստատել, որ ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ արցախյան խնդրին լուծում տալ, իսկ այդ հեքիաթները, որ պատմում են, իրենց ասեք, որ իրենք լավ հեքիաթագիր չեն՛՛։

Ըստ Սարգսյանի՝ բանակցային ներկայիս իրավիճակում միակ լուծումը բանակցողի փոփոխությունն է, քանի որ բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը` Իլհամ Ալիևը, նրան համեմատել է ՛՛կեղտոտ լաթի, խմած ծաղրածուի՛՛ հետ։

՛՛Մենք իրականության մեջ ադրբեջանցիների հետ չենք բանակցել, բանակցել ենք միջնորդների հետ, որովհետեւ ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք: Իրենք ուզում են, որ ամեն ինչն իրենցը լինի ու դեռ մի բան էլ ավել: Իսկ միջնորդներնն ինչպե՞ս պետք է վերաբերվեն այն մարդուն, որը մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ, մեկ Պրահա, Մեկ Մոսկվա: Դա փոխլրացման, եւ-եւ-ի քաղաքականություն չի, դա ճնշման տակ կախված ճնշման ազդեցությունից կրծիքի փոփոխություն է՛՛,-նշեց Սարգսյանը:

Նա նաև նկատեց, որ իրավիճակն անասելի դժվար կլինի այն անձի համար, ով փոխարինելու է ներկա բանակցողին, բայց իրավիճակը շտկել հնարավոր է:

  • Կիսվել: