կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իշխանությունները պետք է պատասխան տան. Մարուքյան

Իշխանությունները պետք է պատասխան տան. Մարուքյան

Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։ Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. Ասվածից հետևում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում։

Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Նա ավելի ուշ ազատ է արձակվել։ Բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, միաբանության մի քանի անդամներ, որոնք ևս ավելի ուշ ազատ են արձակվել։

  • Կիսվել: