Իշխանությանը հեռացնելուց հետո բանակցելու ենք և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ, բայց մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան
Հայաստանում փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը գործող իշխանությանը հեռացնելու դեպքում պատրաստ է բանակցել և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ, սակայն այդ բանակցություններին գնալու է իր օրակարգով՝ ժողովրդի, պետության շահերը պաշտպանելու: Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում իր ասուլիսում:
«Շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, ժողովրդականությամբ: Այն, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժումն է»,-ասաց Սաղաթելյանը՝ կարծիքով հայտնելով, թե այն իր բնույթով և ծավալով նոր համաժողովրդական շարժում է, որը լինելու է անկասելի:
Անդրադառնալով հարցին, թե իրենք իշխանության գալու դեպքում ի՞նչ են բերելու՝ Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք իշխանությանը հեռացնելու դեպքում կյանքի են կոչելու անգամ այն խոստումները, որոնք գործող իշխանությունը տվել է 2018-ին և չի կատարել:
Սաղաթելյանի կարծիքով՝ գործող իշխանության կողմից այն պայմանավորվածությունը, որ փորձ է արվում ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ, հայրենազրկման, Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է: Սաղաթելյանը նշեց՝ իրենք չեն ասում, թե իշխանությանը հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ են հայտարարելու կամ չեն բանակցելու:
«Բանակցելու ենք և Ադրբեջանի հետ, և Թուրքիայի հետ: Բայց այդ բանակցություններին մենք գնալու ենք մեր օրակարգով: Մենք գնալու ենք մեր ժողովրդի և պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գնալու ենք գլուխներս կախ տեսնենք, թե ինչ են ասում իրենք»,-ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե պառակտում կա ընդդիմադիր շարժման միջև՝ նա ասաց, որ շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա:
«Շարժումը քաղաքական, բայց վերկուսակցական շարժում է: Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, քանի որ կուսակցություններն ունեն կազմակերպված ռեսուրս: Բայց պառակտում չկա, ընդհակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկ կուսակցության, մեկ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,-ասաց Սաղաթելյանը:
Նա զուգահեռներ անցկացրեց 88-ի շարժման հետ: «Շարժումը շատ նման է 88 թվականի Ղարաբաղյան շարժման՝ և ձևաչափի, և գաղափարախոսության և բնույթի հետ»,-ասաց Սաղաթելյանը՝ վստահություն հայտնելով, որ հաջողությունը մոտ է: