ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց լուրերը, թե շարժումը առաջնորդ է փնտրում

Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց լուրերը, թե շարժումը առաջնորդ է փնտրում

«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը չի հերքում` շարժումը պառակտելու փորձեր արվում են, բայց հերքում է այն խոսակցությունները, թե շարժման առաջնորդների ու քաղաքական ուժերի միջև պառակտում կա։
 
«Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա։ Սա քաղաքական շարժում է, բայց վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա։ Ընդհակառակը` կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկ կուսակցության, մեկ անհատի շուրջ։ Մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,– Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց Սաղաթելյանը։
 
Նա զուգահեռներ անցկացրեց այսօրվա ու 1988թ–ի Ղարաբաղյան շարժման միջև, երբ հանրությունը հավաքվել էր ոչ թե շարժման առաջնորդների, այլ Արցախի փրկության գաղափարի շուրջ։
 
«Շատ նման է 88-ի Ղարաբաղյան շարժման և՛ ձևաչափին, և՛ գաղափարախոսությանը, և՛ բնույթին։ Հետևաբար այդ բոլոր խոսակցությունները, թե պառակտված են, թեկնածու են փնտրում, առաջնորդ են ման գալիս, մեկը մյուսի հետ հանդիպեց, չկա նման բան»,– ասաց Սաղաթելյանը։

  • Կիսվել: