երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրենք իսկ պարալիզացրել են իրենց աշխատանքը. Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը

Իրենք իսկ պարալիզացրել են իրենց աշխատանքը. Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը

Քաղաքական ճգնաժամ չկա, շատ դժվար է որոնել սև կատվին մութ սենյակում, առավելևս, որ սև կատուն մութ սենյակում չէ:

 Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին:

 «Քաղաքական պահանջ չեմ տեսնում, չեմ տեսնում որևէ քաղաքական օրակարգ, չեմ տեսնում որևէ եղանակով օրենսդրական գործընթացին մասնակցելու ցանկություն և, ի վերջո, ես հարց եմ բարձրացնում հարկատուներին, թե ի՞նչ է տեղի ունենում այն պարագայում, երբ մարդիկ ըստ էության չեն աշխատում և դրա համար վարձատրվում  են»,- ասաց նա և նշեց, որ իրենք իսկ պարալիզացրել են իրենց աշխատանքը:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ քաղաքական ակցիաները հասկանալի են, հասկանալի է մոտեցումը, հասկանալի է ժողովրդավարական ցանկացած դրսևորում, բայց ժողովրդավարությունը առանց իրավունքի գերակայության գոյություն չունի: «Եթե խուլիգանական դրսևորումները փորձելու են ներկայացնել ժողովրդավարական պրիզմայի ներքո, դա ժողովրդավարություն չէ, ամբոխավարություն է»,- ասաց նա:

Ամեն դեպքում պատգամավորը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այս ակցիաներին և ակցիաներ իրականացնողներին խնդրեց թույլ տալ որոշ հատվածներ դառնան երթևեկելի, քանի որ քաղաքացիներն ուշանում են աշխատանքից:

Անդրադառնալով ոստիկանության աշխատանքին՝ նա ասաց, որ ոստիկանությունը պարտավոր է իրականացնել իր գործառույթները: «Ոստիկանությունը լավամարդ կամ վատամարդ չէ, այլ ոստիկանությունը պարտավոր  է և իրականացնում է իր պարտավորությունները»,- ասաց նա:

Հարցին, թե որքանով է հարգելի կամ անհարգելի ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը հանձնաժողովի նիստում, Վարդանյանն արձագանքեց. «Ես չեմ որոշելու ԱԺ պատգամավորների բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Ես այդ մասին տեղեկություն եմ ուղարկում ԱԺ նախագահին, և ԱԺ նախագահը, որպես ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող պաշտոնատար անձ, համապատասխան որոշումներ կկայացնի դրա վերաբերյալ: ԱԺ հանձնաժողովի նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է»: Ի պատասխան հարցի, թե քանի օր բացակայելու դեպքում կարող է պատգամավորը զրկվել մանդատից, Վարդանյանը նշեց. «Մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում»:

  • Կիսվել: