Իրավիճակը շատ բարդ է, սակրավորի աշխատանք է պետք. Տիգրան Աբրահամյան
Բավականին խորը մրցակցություն կա մեր տարածաշրջանում. Արևմուտքի, Ռուսաստանի, նաեւ Իրանի հետ կապված բավականին խորը խնդիրներ կան այստեղ և, բնականաբար, յուրաքանչյուրը իր մասին փորձում է հասկանալ, թե ով ում հետ է և ով ինչ կարող է ստանալ այս տարբեր գործընթացներից։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը այս տարածաշրջանում աշխատում էր ոչ միայն առանձին Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ, այլ նաև մեծ տարածաշրջանի առումով Իրանի հետ. «Մյուս կողմից պետք է հասկանալ, որ և Միացյալ Նահանգները, և Ռուսաստանը այս տարածաշրջանում խորը մրցակցության մեջ են: Կան որոշակի նաև խանդի տեսարաններ, որովհետև Ռուսաստանը այս տարածաշրջանի ավանդական դերակատարն է եղել, և բնականաբար այլ խորությամբ այլ խաղացողների մուտքը այս տարածաշրջան, չի կարող հակադրություն չառաջացնել: Հատկապես, որ Հայաստանի նկատմամբ ռուսական իշխանությունները ակնհայտ երևացող ձևով չունեն վստահություն, և դա կարծում են, որ սա նաև որպես Ռուսաստանի դեմ իրականացվող քայլ է։
Նաև չմոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում բավականին մեծացել է նաև Թուրքիայի դերը, և Թուրքիայի միջոցով ուղղակի և անուղղակի նաև քաղաքականություն է իրականացնում մեր տարածաշրջան մեր տարածաշրջանում:
Այնպես որ իրավիճակը բավականին բարդ է, բավականին խճճված է և սակրավորի աշխատանք է անհրաժեշտ, որ ցանկացած քայլ անելիս դրանք քո երկրի համար չունենան ծանր հետևանքներ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը: