հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրավապահ համակարգը շոկի մեջ է, և ոստիկանությունը մինչև հիմա չի հաղթահարել այդ շոկը․ Վարչապետ

Իրավապահ համակարգը շոկի մեջ է, և ոստիկանությունը մինչև հիմա չի հաղթահարել այդ շոկը․ Վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրի իրավապահ համակարգը մինչ այժմ շոկի մեջ է ու չի հավատում, որ երկրում իշխանություն է փոխվել, և ինքն էլ վարչապետն է։

«Մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է, չի հավատում՝ ինչ է կատարվել 2018 թվականին, նայել են ու իրենց աչքերին չեն հավատացել, որ նման բան է տեղի ունենում։ Հիմա էլ շատ մարդիկ նայում են որ չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ, որպես ՀՀ վարչապետ, որովհետև ես երկար տարիներ իրենց օբյեկտն եմ եղել», -հայտարարեց վարչապետը։

Ըստ կառավարության ղեկավարի, իր խնդիրն է եղել օգնել, որ այդ համակարգերը հաղթահարեն այդ շոկը ու հասկանան, որ նոր իրավիճակում իրենց ուսերին ավելի ազնիվ, մարդասիրական առաքելություն է դրված։

«Ես մեր ոստիկանության ամենամեծ խնդիրը դա եմ համարել։ Նրանք մինչև հիմա չեն հաղթահարել այդ շոկը։ Ես կարծում եմ, որ ոչ թե դրա համար պետք է փետը առնենք ընկնենք ոստիկանության հետևից, այլ պետք է օգնենք նրան։ Օգնենք նաև որ բարեփոխումներ անենք», -ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ համակարգում բարեփոխումների ռազմավարությունը կհաղթահարի շոկը։

Ավելին, ըստ Փաշինյանի, բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայություն կներդրվի ճանապարհային ոստիկանության փոխարեն և որտեղ մարդիկ կաշխատեն ավելի բարձր աշխատավարձով։

«Շատերն ասում են՝ լավ էդ թավիշն ինչ է, որ, հիմա թավիշ բառը նեգատիվ իմաստ է ստացել։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ մի բան՝ մենք անում ենք այն, ինչ խոստացել ենք։ Մենք ասել ենք, որ ոստիկանությունում չի լինելու կադրային ջարդ, մենք ասել ենք, որ պետական համակարգում չի լինելու կադրային ջարդ։ Մենք ասել ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ունենալու են շանս ապրել, աշխատել նոր Հայաստանում, նոր միջավայրում, որովհետև մենք չենք ուզեցել գալ և մարդկանց բաժանել հեղափոխականների ու հակահեղափոխականների, որովհետև սա ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունն է, այլ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ Յուրաքանչյուր ոստիկան, յուրաքանչյու քննիչ, յուրաքանչյուր դատախազ և յուրաքանչյուր դատավոր իր շանսն ունեցել է, բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ ժամանակը սպառվում է։ Նրանք ովքեր օգտագործել են այդ շանսը, մեր գլխի վրա տեղ ունեն, նրանք, ովքեր չեն օգտագործել, պետք է նոր աշխատանք գտնեն իրենց համար», - հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: