շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին, ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր կապի ճանապարհի արգելափակումը: Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր կապի ճանապարհի արգելափակումը, և այդ նպատակն ապահովելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև զորավարժություններ է սկսել այդ տարածաշրջանում»,- ասել է իրանական դիվանագիտության ղեկավարը:

Նշենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը արդեն երրորդ օրը զանգվածային զորավարժություններ են անցկացնում Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում։

Զորավարժությունները ամենամյա առաքելության մի մասն են, որն ուղղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի մարտունակության բարձրացմանը:

ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրն ասել է, որ զորավարժությունները պետք է խաղաղության, բարեկամության և անվտանգության ուղերձ հասցնեն հարևաններին:

Զորավարժությունների օրակարգում են պարաշյուտային վայրէջքներ, գիշերային գործողություններ, ուղղաթիռների մարտական գործողություններ, մարտական և մահապարտ անօդաչու թռչող սարքերի գործողություն, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցում, ճանապարհների վերահսկում, բարձունքների գրավում և ոչնչացում։

  • Կիսվել: