շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը. Ալի Խամենեիի ներկայացուցիչ

Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը. Ալի Խամենեիի ներկայացուցիչ

Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է «Ալ Ղուդս»-ում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Շիրազին, հայտնում է Fars գործակալությունը։

«Մենք դեռեւս չենք ավարտել վրեժխնդրությունը թշնամիներից Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար»,- հայտարարել է նա։

Շիրազիի խոսքով՝ «պարտադիր չէ, որ պատասխան գործողություններն իրականացվեն միայն Իրանի կողմից, դիմադրության ճակատը եւս իր կողմից ակտիվորեն վրեժ է լուծելու»:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
 
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է.
 

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

  • Կիսվել: