Իրանի հետ հարաբերությունները երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա. ՀՀ ԱԳՆ տեղակալ
Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա: Այս մասին իրանական IRNA-ի հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Մենք գնահատում ենք այս հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք պետք է դրանք ավելի ամուր և հաստատուն փոխանցենք ապագա սերունդներին։ Սա է իմ կառավարության համոզմունքն ու ուղերձը»,-նշել է նա:
Կոստանյանն անդրադարձել է նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին և դրանց ազդեցությանը Իրանի վրա՝ ընդգծելով, որ այն հայկական օրակարգում կարևոր թեմաներից է։
«Ես այստեղ եմ եկել այն ուղերձով, որ Հայաստանը հաշվի է առել Իրանի դիտարկումները, և որ այդ զգայուն հարցերը հաշվի են առնվել հաղորդակցությունների նախագծի շուրջ նախնական բանակցությունների ընթացքում, որը հայտնի է «Թրամփի ուղի» անվանումով։ Այս նախագծի որոշ մանրամասներ արդեն որոշված են և համաձայնեցված, որոնք ես փոխանցել եմ իրանական կողմին։ Նախատեսվում է Հայաստանում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Բայց դա չի նշանակում տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայություն անվտանգության ոլորտում։ Մենք հասկանում ենք, որ սա իրանական կողմին անհանգստացնող հիմնական հարցերից մեկն էր, և կարծում եմ, որ այս հարցը լուծվել է»,- ասել է Կոստանյանը։
Նա նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը` ներառյալ երեք նոր նախագծերը, կիրականացվի երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, ինչն ինքնին ևս մեկ երաշխիք է։
«Մեր ընդհանուր դիրքորոշումը շարադրված է ՀՀ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Մենք կարծում ենք, որ այս բացումը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ պետք է ծառայի որպես աշխարհաքաղաքական ուժերի միջև վստահության ամրապնդման միջոց։ Գործնականում Հայաստանում գրանցված ընկերության մեջ ԱՄՆ-ի բաժնեմասը շահավետ կլինի Միացյալ Նահանգների համար, Իրանը ելք կունենա դեպի Սև ծով, իսկ մենք կկարողանանք ադրբեջանական երկաթուղու միջոցով միանալ Ռուսաստանին»,- հավելել է Կոստանյանը։
Փ


