Իրան-ՀՀ հարաբերությունները պետք է ամրապնդվեն այնպես, որ ոչ մի օտարերկրյա ուժ չկարողանա խափանել դրանք. Փեզեշքիանը՝ Գրիգորյանին
Իրանի նախագահը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև բարեկամական և ռազմավարական հարաբերությունները պետք է ամրապնդվեն այնպես, որ ոչ մի օտարերկրյա ուժ չկարողանա խափանել դրանք, գրում է parstoday.ir-ը:
Այսօր առավոտյան Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքյանը գոհունակություն է հայտնել վերջերս Երևան կատարած իր այցելության արդյունքների կապակցությամբ՝ այն որակելով հաջողված և արդյունավետ։ Նա ասել է.-«Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած կառուցողական բանակցություններն ու ձեռք բերված դրական պայմանավորվածությունները փարատել են Իրանի մտահոգությունների զգալի մասը Կովկասում տեղի ունեցած զարգացումների, մասնավորապես՝ այս զգայուն տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության վերաբերյալ»։
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացման գործընթացին՝ նա հավելել է. «Այս կարևոր նախագծի ավարտը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում տնտեսական և քաղաքական մերձեցման համար»։ Նախագահը նաև ընդգծել է երկկողմ համաձայնագրերի իրականացումը արագացնելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում, և երկու երկրների գործարարների միջև առևտրի և համատեղ ներդրումների ընդլայնումը համարել է անհրաժեշտություն՝ տնտեսական փոխանակումների ծավալը մի քանի անգամ մեծացնելու համար»։ Նա նաև գիտական և տեխնոլոգիական ոլորտներում, այդ թվում՝ կենսատեխնոլոգիայի և նանոտեխնոլոգիայի ոլորտներում համագործակցությունը բնութագրել է որպես Իրան-Հայաստան հարաբերությունների ապագայի պայծառ հեռանկար։
Այս հանդիպման ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանը, բարձր գնահատելով Իրանի կառավարության կողմից երկկողմ հարաբերությունների զարգացման նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը, ասել է,-«Նախագահ Փեզեշքյանի վերջերս Երևան կատարած այցը առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս այցի ընթացքում քննարկվեցին հարաբերությունների բոլոր ասպեկտները և որոշվեց ապագա համագործակցության ուղին»։ Գրիգորյանը երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական որակելով՝ Հայաստանի պատրաստակամությունն է հայտնել համապարփակ համագործակցության փաստաթուղթ ստորագրելու համար և հույս է հայտնել, որ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերին կընդլայնվի, և երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալը կբազմապատկվի։


