հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ

Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ

Lragir.am-i զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունեն, որ հուլիսին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցածը չի կրկնվի: Օրերս էլ նշել էր, որ ղարաբաղյան բանակցությունները պետք է արագացնել: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, այստեղ մենք մտահոգվելու առիթ ունե՞նք, թե ոչ:

 

ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և միջնորդ, բնականաբար ձգտում է լարվածության թուլացմանը: Դրան են միտված հայտարություններն ու դրան հաջորդող քայլերը: ՀՀ-ն հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացին, և մենք բազմիցս շեշտել ենք, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Այո, անհրաժեշտ է արագացնել համապատասխան փոխվստահության մթնոլորտի ստեղծումը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրումը: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը չպետք է լինի իմիտացիա։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, ուստի Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում։

Եթե Ադրբեջանի նորանշանակ նախարարը «իմիտացիա» է համարում մի գործընթաց, որին երկար տարիներ մասնակցել է իր երկրի նախագահը և որի ուղղությամբ երկար տարիներ միջնորդական առաքելություն են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 անդամներից 3-ի ղեկավարներն ու այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ապա դա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի՝ անվստահելի և անլուրջ բանակցային կողմ լինելու հանգամանքը:

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում։ Մտահոգի՞չ են արդյոք այսպիսի հայտարարությունները։

Թուրքիան կարող է միակողմանի իրեն «կողմ» հռչակել, սակայն դրանից որևէ բան չի փոխվում: Թուրքիայի՝ ագրեսիվ, ապակառուցողական և կողմնակալ կեցվածքը ևս մեկ անգամ հաստատեց ՀՀ այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում, իսկ Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանի արկածախնդիր և ռազմատենչ քաղաքականությանը նորություն չէ: Չմոռանանք նաև, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը: Այսպիսով, մենք որևէ նորություն չենք լսել այդ հայտարարությունից, այլ միայն ավելի հաստատակամ ենք դարձել մեր դիրքորոշումներում: Սա մեզ համար կենսական անվտանգության հարց է, և այստեղ մենք հետքայլի տեղ չունենք:

Լավրովը կարծում է, որ հուլիսյան սրացումից հետո ավելի ինտենսիվ բանակցությունները «չէին խանգարի»։ Որքանո՞վ դա հնարավոր կլինի այս փուլում։

Պետք է հասկանանք, որ ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ: Ամենից առաջ, հակահայ քաղաքականության դադարեցում է անհրաժեշտ: Ամեն դեպքում Հայաստանը պատրաստ է բանակցությունների շարունակականությանը: Դրա մասին շեշտել են և երկրի վարչապետը իր հայտնի 7 կետերը հրապարակելով, և արտգործնախարարը: Հայկական կողմերը բազմիցս են շեշտել՝ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:

  • Կիսվել: