չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինձ զեկուցվել է՝ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է․ Փաշինյան

Ինձ զեկուցվել է՝ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է․ Փաշինյան

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում հարց հնչեց, թե արդյոք ԶՈՒ հետախուզական ծառայությունները, ԱԱԾ համապատասխան կառույցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին որևէ հստակ դետալային տեղեկություններ տրամադրե՞լ են 2020 թ. սպասվող պատերազմի մասին:

«Նախ՝ շատ կարևոր արձանագրում. 2018 թվականի մայիսից, երբ ես վարչապետ եմ ընտրվել և ստացել եմ զեկուցագրերը, անընդհատ ԱԱԾ-ի հետախուզությունը և ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել են պատերազմի հնարավորության մասին: Այո՛, ժամկետներ են նշվել. 2018-ի ամառը. ես կարող է հիմա ճշգրիտ չհիշեմ, ես տպավորություն եմ փոխանցում. ամռանը, աշնանը, հոկտեմբերին, սեպտեմբերին, չէ՝ 2019-ի գարնանը, չէ՝ 2019-ի ամռանը: Այդ տեղեկատվությունը միշտ եղել է. բաց աղբյուրներում է եղել. այդ տեղեկատվությունը վերլուծաբաններն էլ են դրել:

Մեր ինստիտուտները ինչքա՞ն են հավանական գնահատել պատերազմը մինչև ամսի 25-ը: 30 տոկոս է եղել հավանականության գնահատականը: Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների հիման վրա: Մեկնաբանություն է հնչել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է: 30 տոկոսը այդ պայմաններում չգիտեմ՝ մեծ է թե մեծ չէ, և այդպիսի հավանականություն էլ է հնչել, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ քաղաքական իշխանությունը գնա անհամաչափ զիջումների»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՌԴ-ի կողմից հավանական էսկալացիայի մասին տեղեկությո՞ւն է փոխանցվել, Փաշինյանն ասաց.

«Ես այդ թեմայով անձամբ քննարկումներ չեմ ունեցել, բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ը կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ այսպես ասած, չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել: Ուզում եմ շատ բաց և անկեղծ լինել ձեզ հետ. ես անձամբ այդ գնահատականին այնքան էլ համաձայն չեմ: Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ բարձր զգոնություն է պետք ապահովել»,- ասաց վարչապետը՝ նշելով նաև, որ իր համար՝ որպես քաղաքական ղեկավարի, որոշակի խնդիր է եղել՝ բանակին կոնկրետ հրահանգ տալ այս գործողությունն անել թե՝ ոչ: «Որովհետև եթե ես հրահանգ տամ, դա կարող է դառնալ այն կանխատեսված սադրիչ գործողությունը, որի արդյունքում պատերազմ կբռնկվի, բայց իմ քաղաքական հրահանգը եղել է՝ լինել իրավիճակին համարժեք»,- նշեց նա: 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի հուլիսին ՊՆ-ում հրամկազմի ամբողջ մասնակցությամբ ունեցել է խորհրդակցություն, որի իմաստը եղել է հետևյալը. «Ես հարցրել եմ՝ հարգելի գործընկերներ, դուք ձեր աշխատանքում, մենք մեր տվյալներում ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որի ի հայտ գալու դեպքում մենք գնահատում ենք, որ, վերջ, հարձակում է տեղի ունենալու: Ինձ ասել են, որ՝ այո, կան այդպիսի ինդիկատորներ, և իմ հրահանգը եղել է միանշանակ, որ անկախ ամեն ինչից՝ ես հիմա բաց հրահանգ եմ տալիս, որ եթե այդ ինդիկատորները ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի: Այսինքն՝ ես ասել եմ՝ նույնիսկ դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների և այլնի անհրաժեշտություն չկա, եթե ինդիկատորները կգան ի հայտ»:

  • Կիսվել: