շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ինձ հեռացնում են, որովհետեւ վտանգ եմ ներկայացնում իրենց համար». Հայկ Մարության

«Ինձ հեռացնում են, որովհետեւ վտանգ եմ ներկայացնում իրենց համար». Հայկ Մարության

Իմ թեկնածությունը միակ թեկնածությունն էր, որը կոնսենսուային էր ընդդիմության համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիսին Հայկ Մարությանին զրկեցին Երեւանի ավագանու մանդատից:

«Այսինքն՝ եթե հարց կանգներ փոփոխելու, անվստահություն հայտնելու քաղաքապետին, եթե նոր քաղաքապետի ընտրության հարց լիներ ընդդիմության կողմից, ապա իմ թեկնածությունն այն թեկնածությունն էր, որի շուրջ ընդդիմությունը կարող էր հավաքվել, կար կոնսենսուս, որ կարող է լինել ընդդիմության միասնակ թեկնածու, այսինքն՝ ես։ Իրենք, առիթից օգտվելով, շատ արագ այս պահին հեռացնում են այդ թեկնածուին, որպեսզի իրենց վտանգ չսպառնի քաղաքական իմաստով։ Այս ամենն ապահովեց «Հանրային ձայն» խմբակցությունը, նա եկավ, առաջին օրվանից ընտրեց Ավինյանին, հիմա էլ իրենց մեջ խժդժություններ եղավ, քանդվեցին, տեղի ունեցավ քաղաքական անասնագողություն, եւ հիմա այդ առիթով ապահովում են քվորումը, եւ ինձ հանելու պատճառը նաեւ այն է, որ իրենք սրանով ուզում են վախեցնել մնացած ընդդիմությանը, որ տեսեք, եթե չգաք, քվորումը չապահովեք, եւ մասնակից չլինեք մեր խայտառակ որոշումներին, մենք ձեզ հերթով հանելու ենք»,- նշեց Մարությանը։

Հարցին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հեռացնելու մտադրություն ունի՞ ինքը, Մարությանն ասաց․ «Ավինյանին հեռացնելու համար պետք է քվորում չապահովել 3 ամսվա ընթացքում եւ գնալ նոր ընտրությունների։ Պետք է ամբողջ ընդդիմության մասնակցությունը, եթե «Հանրային ձայն»-ից մնացած բեկորները ծախվել են, ապա դժվար է լինելու։ ՔՊ-ին հաջողվել է պոկել եւ քանդել «Հանրային ձայնը» եւ ինչ-որ բաներ է խոսք տվել, մենք էլ պետք է իրենց խոսք տանք՝ եթե հավատացյալ եք, այն աշխարհում ձեզ լավ է լինելու»։

Հարցին՝ իմաստը ո՞րն է, որ իր խմբակցության անդամները մասնակցում են ավագանու նիստերին, իսկ ինքը՝ ոչ, Մարությանն ասաց․ «Կա ֆրակցա, կա ֆրակցիայի որոշում, ֆրակցիայի նիստ, որի ժամանակ կայացվում են որոշումներ, այո, լիդերը բոյկոտում է։ Բոյկոտը լինում է նաեւ մենակով։ Ես ասացի՝ որ մանդատներ հանձնել չպետք է լինի, մեր պայքարը պետք է շարունակվի»։

  • Կիսվել: