երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ռազմագերիների հարցի քննարկելուն նման կերպ վարվեց․ «Ժողովուրդ»

Ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ռազմագերիների հարցի քննարկելուն նման կերպ վարվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության անդամները հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցի քվեարկության պատկերը տեխնիկական խափանման հետեւանք են համարում: Ինչպես հայտնի է, պատվիրակության 12 անդամներից 5-ը՝ դեմ, իսկ 7-ը ձեռնպահ են եղել, որպեսզի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվի այդ հարցը: Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը գրեթե ամբողջությամբ նաեւ դեմ է եղել, որ վեհաժողովում քննարկվի Թուրքիայում ժողովրդավարության վիճակի հարցը: Թե ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ռազմագերիների հարցի եւ Թուրքիայի ժողովրդավարական վիճակի պրոբլեմները քննարկելու հարցում նման կերպ վարվեց, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ ՌԴ պատվիրակության անդամներից, սակայն միեւնույն պատասխանը ստացանք:

Նախ պատվիրակության անդամ Սերգեյ Պախոմովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել, եւ դա է եղել այդպիսի քվեարկության պատճառը՝ ասելով, թե համապատասխան դիմումներն արդեն ներկայացվել են: Նման պատճառաբանություն բերեց նաեւ ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ «Ժողովուրդ» օրաթերթին ասելով, թե խնդիր է եղել՝ խոստանալով, որ քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը կհայտնեն: Հավելենք, որ ռուսական պատվիրակությունից զատ դեմ են եղել ողջ ադրբեջանական պատվիրակությունը՝ 6 հոգի, քվեարկությանը մասնակցած Թուրքիայի 9 հոգանոց պատվիրակության 8 հոգին, մեկը կողմ է եղել Ֆելեքնաս Ուջան, ով ազգությամբ եզդի է, Սերբիայի ու Հունգարիայի մեկական պատվիրակ, ընդհանուր առմամբ՝ 21 դեմ, փոխարենը կողմ են քվեարկել 93-ը, ձեռնպահ՝ 18-ը»։

  • Կիսվել: