շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ»

Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր ԱԺ-ն վերջապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի կամ կտապալի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են:

Երեկ ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը իշխող մեծամասնությունն իսկական մարտաֆիլմի էր վերածել, ամբողջ թիմով հարձակում էին գործել Հայկուհի Հարությունյանի վրա, մեկը մյուսին հերթ չտալով՝ սուր ու հարձակողական, թիրախավորված հարցեր էին ուղղում նրան: Ինչպես մեզ փոխանցեցին, ԱԺ նիստից դուրս եւս ՔՊ-ականները արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. նրան թողել էին միջանցքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները երկուշաբթի օրը նիստ են արել եւ թեժ քննարկում ունեցել Հայկուհի Հարությունյանի մասով. իշխանականները բուռն քննարկումներից հետո որոշել են այսօր դեմ քվեարկել նրա թեկնածությանը:

։Իսկ ի՞նչ է ընկած ՔՊ-ականների այս անբարեհաճ վերաբերմունքի հիմքում. մեզ հաջողվեց պարզել, որ իշխանականները համարում են, թե Հայկուհի Հարությունյանն իրենց վերահսկողությունից դուրս է: Նախ՝ ՔՊ-ականներին բարկացրել է Հայկուհի Հարությունյանի այն բացահայտումը, որ հայտարարագրերի, պաշտոնի անհամատեղելիության եւ շահերի բախման մասերով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել:

Բացի այս, ՔՊ-ականները վրդովվել են նաեւ նրանից, որ վերջերս մամուլում Հայկուհի Հարությունյանի հետ թեժ քննարկումից մանրամասներ են հայտնվել, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան քաղհասարակություն պլատֆորմը կոշտ հայտարարություն էր տարածել: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ականները որոշել են «պատժել» Հայկուհի Հարությունյանին: Թերեւս այս ամենը հիշեցնում է 2021թ.-ի իրադարձությունները, երբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը եկել էր ԱԺ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը. այդ ժամանակ էլ նույն ոգեւորությամբ իշխող մեծամասնությունը հարձակվել էր Վարդազարյանի վրա, եւ, ի վերջո, գաղտնի ձայնագրությունները գործի դնելով՝ նրան հեռացրին սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի պաշտոնից: ՀՀ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը թերեւս միակ անկախ պաշտոնյան էր, որը դեռ պաշտոնավարում էր. ՔՊ-ն նաեւ նրանից կազատվի վերջնականապես:

Նկատենք, որ երեկ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ ագրեսիվ-հարձակողական էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սա էլ, թերեւս, իր պատճառն ուներ. ԱԺ նախագահը ցանկանում է իր խորհրդական Հովհաննես Նալբանդյանին դարձնել ԿԿ հանձնաժողովի նախագահ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: