հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչու՞ չկայացավ ԱԺ նիստը՝ ԼՂ հարցով. պատասխանում է վարչապետը

Ինչու՞ չկայացավ ԱԺ նիստը՝ ԼՂ հարցով. պատասխանում է վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու չկայացավ Ազգային ժողովի նիստը, երբ ընդդիմադիրները ցանկանում էին նիստ հրավիրել և քննարկել ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե այդ հարցն արժեր քննարկել ամենահուզական վիճակում:

Դիտարկմանը, թե կարելի է սառը քննարկել, վարչապետը պատասխանեց. ՛՛Սառը քննարկելու համար նախ պետք է սառել, որից հետո՝ քննարկել՛՛:

Անդրադառնալով հարցին՝ այս մթնոլորտում չի կարելի քննարկել, վարչապետը պատասխանեց. ՛՛Ոչ թե այդ մթնոլորտում, այլ այդ հուզական իրավիճակում՝ չեմ կարծում, թե հնարավոր է: Իմիջիայլոց, ասեմ, երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որևէ անհաջողություն նախապես չի քննարկվում, ասենք, օրինակ,  Ազգային ժողովի հետ, մի քիչ  ծայրահեղ ձևակերպում անեմ՝  որովհետև ռազմական գործողությունների թատերաբեմում այդ անհաջողությունը տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ դու անհաջողության մատնվես, այլ դա տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով: Ըստ էության, Ազգային ժողովի կամ ընդդիմության հետ քննարկվում է այն, ինչ դու ուզում ես, որ տեղի ունենա կամ դու պլանավորում ես, որ այդպես պետք է տեղի ունենա:

Իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ և մի պայմաններում, երբ մեր Զինված ուժերի գլխավոր շտաբը և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել այս պրոցեսը՛՛:

Անդրադառնալով հարցին, թե՝ եթե ինքը լիներ ընդդիմադիր, և լիներ նմանատիպ փաստաթուղթ, կմնա՞ր տանը՝ վարչապետը պատասխանեց, որ 2016 թվականին, լինելով ընդդիմադիր, Ազգային ժողովի պատգամավոր, որպես կամավորական մեկնել է Լեռնային Ղարաբաղ, և հետո, իրադարձությունների ընթացքից ոչ այդքան գոհ լինելով, ամեն դեպքում, հանրահավաք չի արել:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պատերազմի ողջ ընթացքում առաջարկում էր ստեղծել ռազմաքաղաքական կոմիտե, ինչու չստեղծվեց այն, վարչապետն ասաց. ՛՛Իսկ ով պետք է որոշեր, թե ինչ կազմ ունի այդ կոմիտեն, ովքեր են ընդգրկվում այդ կոմիտեում, ինչ լիազորություններ պետք է այն ունենար: Ով պետք է որոշեր, որ այդ կոմիտեն ՀՀ-ում ունի իշխանություն: Ով էր այդ որոշումը կայացնելու: Դա նշանակում է պետական ինստիտուտների վերացում: Իսկ որպեսզի իմանանք, թե այդ կոմիտեն ինչ լիազորություններ ունի, ո՞ր օրենքը բացենք. Սահմանադրության որ հոդվածը նայենք, որ հասկանանք, թե ինչ մարմին է եւ ինչի համար է գործում՛՛:

Վարչապետն ընդգծեց, որ  այս փուլում ամենակարևոր խնդիրը ներքին կայունությունը և անվտանգությունն ապահովելն է: ՛՛Դրանից հետո ամբողջական կայուն իրավիճակում, ինչպես ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, առաջին հերթին պետք է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության անձեռնմխելիությունը՛՛,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց. ՛՛Ի՞նչ նկատի ունեմ: Նկատի ունեմ, որ քաղաքական խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է Հայաստանում քաղաքական միջավայրը պահենք այնպիսին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ իրենց է միանշանակորեն և աներկբա պատկանում իշխանություն ձևավորելու իրավունքը: Այսօրվա մեր առաջին խնդիրը կայունությունն է՝ ահա այսպիսի պայմաններում, որովհետև կայունություն կարող է լինել ամենատարբեր պայմաններում՛՛:

  • Կիսվել: