ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչպես աննկատ պոչամբար ունենալ․ Էկոթունավոր թափոններ՝ Մեղրաձոր գյուղի մոտ

Ինչպես աննկատ պոչամբար ունենալ․ Էկոթունավոր թափոններ՝ Մեղրաձոր գյուղի մոտ

Լուսանկարում Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ոսկու կորզման ֆաբրիկան է, իսկ ստորև պատկերված հայելային զանգվածով հեղուկը 2021թ․ հուլիսին գրանցվել է որպես էկոթունավոր վտանգավոր թափոնների վայր։

Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը 2012թ․-ից շահագործում է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, որը 2014-ին նույն տարածքում ոսկու կորզման գործարան կառուցեց։ Հասարակական ընդվզում եղավ, որից հետո ընկերությունը խոստացավ ցիանային եղանակով կորզում չկազմակերպել, այլ՝ գրավիտացման և ֆլոտացման, գրում է Հետքը։

Գործարանը Մեղրաձոր գյուղի հարևանությամբ է, մոտակա բնակելի հատվածից` 700 մետր հեռավորության վրա։

Ուսումնասիրելով Google Earth ծրագրի քարտեզները՝ պարզ է դառնում, որ այդ զանգվածը գրանցումից առնվազն մեկ տարի առաջ՝ 2020թ․ օգոստոսից արձանագրված է արբանյակային լուսանկարներում։ Թե կոնկերտ երբ է այն գոյացել, Google-ի քարտեզից պարզ չէ, միայն 2018թ․ արբանյակային լուսանկարներում այդ զանգվածը դեռևս չի երևում։    

«Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն ոսկու հանքավայրը շահագործելիս և գործարան կառուցելիս բացառել էր պոչամբարը՝ նշելով, որ գործարանն աշխատելու է փակ շրջանառու համակարգով, իսկ ֆաբրիկայի պոչերը տեղափոխելու և պահեստավորելու էր ստորգետնյա հանքում՝ շահագործման ժամանակ գոյացած և երկրորդական օգտագործման ոչ ենթակա դատարկություններում։

Պարզելու համար, թե ինչ զանգված է կուտակվել հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև, գրավոր հարցմամբ դիմել ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Տեսչական մարմինը ստուգումներ չի իրականացրել այնտեղ, ոչ էլ տեղյակ է այդ հայելային զանգվածի պարունակությանը։ Վստահել է ընկերության ներկայացրած բոլոր փաստաթղթերին։  Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած զննման արդյունքում պարզվել է, որ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն 2021թ․-ի ամռանը Շրջակա միջավայրի նախարարությունից վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա է ստացել (այդ մասին արդեն գրել ենք սկզբում)։  

«Ընկերությունը հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական գործունեության ընթացքում առաջացած շլամները և պոչանքները կուտակում է վթարային ավազաններում և պոմպերի միջոցով ջուրը կրկին ուղղում է դեպի արտադրական պրոցես»,- հայտնել է Կոտայքի տարածքային բաժնի պետ Դ․ Դավթյանը։

Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Տեսչական մարմինը ընկերության տարածքում կուտակված ջրերից նմուշառում չի կատարել։ Նշված ջրերից «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն է ամիսը մեկ անգամ իրականացնում նմուշառում։

Լիցենզիա՝ պոչանքներ կուտակելո՞ւ համար

Այդպիսով, Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն 2021թ. հուլիսի 30-ին վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա է ստացել։ Այնտեղ, ըստ լիցենզիային կից ներդիրի, պետք է կուտակվեն հարստացուցիչ ֆաբրիկայի շլամներն ու պոչանքները։ Ըստ էության, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն անաղմուկ պոչամբար է գոյացրել և տարիներ հետո դրա համար ստացել թափոնների գործածության գործունեության լիցենզիա։ Այդ լիցենզիան սովորաբար տրամադրվում է թափոնների համար, սակայն` ոչ պոչամբարների և պոչանքներ կուտակելու նպատակով։ 

Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշումը հստակ սահմանում է,որ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն, սակայն ընկերությունը չի ներկայացրել թափոնների գործածության գործունեության ՇՄԱԳ նախագիծը, որը և չի ենթարկվել փորձաքննության։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Հովհաննես Մեսրոպյանը մեզ հայտնեց, որ իրենց ՊՈԱԿ թափոնների համար ընկերությունը ՇՄԱԳ չի ներկայացրել, և իրենք այդ մասով որևէ եզրակացություն չեն տրամադրել։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի 6)-րդ ենթակետի համաձայն՝ վտանգավոր թափոնների հավաքումը, պահումը, օգտագործումը, մշակումը, վերամշակումը, հեռացումը, վնասազերծումը, տեղադրումը և թաղումը հանդիսանում է «Ա» կատեգորիայի գործունեության տեսակ և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:

ՇՄ նախարարից գրավոր խնդրել էինք տրամադրել լիցենզիայի համար հիմք հանդիսացած փաստաթղթերի փաթեթի պատճենները։

Թափոնների լիցենզիան ստանալու հայտում Վարդան Մարգարյանը ներկայացրել է դեռևս 2014թ․ ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքային նախագծի վերաբերյալ ՇՄԱԳ դրական եզրակացությունը  (մինչ հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը, ընկերությունը հանքաքարը տեղափոխում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա)։

Այսպիսի պայմաններում լիցենզիան  ստորագրել է Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Ընկերությանն այդ լիցենզիան տրամադրվել է անժամկետ։

Այդ փաթեթում «Մեղրաձոր գոլդ» ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը նաև տեղեկանք է ներկայացրել՝ անվանելով նշված հայելային զանգվածը «վթարային ավազան», որը ֆաբրիկայից 50 մ է հեռու և զբաղեցնում է կես հա տարածք։ Ըստ Վարդան Մարգարյանի՝ պոչերը տեղափոխվում են վթարային ավազան ինքնահոս եղանակով, իսկ ավազանը երկակի դեր է կատարում՝ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերի կուտակում և դրանց ջրազերծում։ Ավազանի պարզվածքը վերադառնում է ֆաբրիկա, իսկ ջրազրկված պոչերը պարբերաբար տեղափոխվում են չգործող հանքուղիներ և պահեստավորվում։

Տարեկան առաջանում է շուրջ 22,3 հազ․ խմ պոչ, որոնք տեղափոխվում են հանքուղիներ պոլիէթիլենային խողովակաշարով՝ պոմպի օգնությամբ։ Վարդան Մարգարյանը վստահեցնում է, որ ավազանից արտադրական ջրերի արտահոսք դեպի շրջակա միջավայր տեղի չի ունենում։

Գրետա Գաբրիելյանը պատմեց, որ 2020թ․ օգոստոսին այդ տարածքում զբոսնելիս հեռախոսի տեսախցիկով պոչամբարից պղտոր, կաթնագույն զանգվածի հոսք է արձանագրել դեպի Մարմարիկ գետ։ Այդ լուսանկարներն ուղարկել է թե ՇՄՆ, թե Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն երկու գերատեսչությունն էլ չեն արձագանքել տիկնոջ ահազանգին։

«Նույն տարածքում մի պարզ, վճիտ գետակ կար, դա նկարեցի և հետ էի գալիս, հետ գալու ճանապարհին անցանք էդ երկրորդ գետակի կողքով, ես դա էլ նկարեցի և նայեցի վերև՝ ուղիղ պոչամբարից էր գալիս։ Ստացվեց այնպես, որ նույն օրը իրարից անկախ ես երկու նկար լուսանկարեցի՝ մաքուր վտակ և այդ պղտորը, և տարբերությունն ակնհայտ էր։ Պարզ, լավ օր էր, ոչ վարարում կար, ոչ էլ անձրևոտ օր էր, այսինքն՝ այդտեղից միշտ ջուր է եկել, և էդ ջրի գույնը դա էր, գալիս և լցվում էր Մարմարիկ գետը»,- պատմեց Գրետա Գաբրիելյանը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Մարմարիկ գետի ջրերի որակը գնահատվում է 2 գետահատվածում՝ գետի վերին հոսքում և գետաբերանում։ Գետի վերին հոսքում ջրի որակը 2-րդ դասի է, իսկ գետաբերանում՝ 4-5-րդ դասի։ Մարմարիկի գետավազանի միջին հոսքում, Մեղրաձոր գյուղի մոտ, անմիջապես հանքի ազդեցության գոտու հատվածում, Մարմարիկ գետի և իր Գոմուռ վտակի ջրերի մոնիթորինգը պետական ծառայությունների կողմից չի իրականացվում:

Ընկերությունն ինքն է պարտավորվում այդ տարածքներում մոնիթորինգ իրականացնել և այդ գործը պատվիրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ին։ Վերջինս էլ պարզել է, որ հանքի ջրերի թափման կետից ներքև Մարմարիկ գետի ջրերի որակի դասը չի փոփոխվում, ցինկի, կալցիումի, սուլֆատների պարունակությունները որոշ չափով աճում են, սակայն մնում են նույն դասի սահմաններում: Գոմուռ գետ են թափվում տրանսպորտային հանքուղու ջրերը՝ մեխանիկական մաքրումից հետո:

Հետևաբար, դժվար է ասել, թե ինչ պարունակությամբ ջրեր են հոսել Մարմարիկ գետ։ Մարմարիկ գետի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով` Մեղրաձորի և այլ գյուղական համայնքների կողմից:

Պոչանքները կուտակելու վայրը պոչամբարն է, որի համար ընկերությունը պետք է Արտակարգ իրավիճակների նախարարության վտանգավոր օբեյկտների ցանկում գրանցվի։ Այդ  ցանկում «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն չկա։ Հետևաբար, ընկերությունն այլ ճանապարհ է գտել պոչամբար ունենալու համար։

«Թափոնի կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը» բաժնում նշվել է, որ այն պարունակում է շուրջ 59 % սիլիցիումի երկօքսիդ, 10 % երկաթի օքսիդ,  14 % ալյումինի օքսիդ, 4 % կալցիումի օքսիդ, 3 % մագնեզիումի օքսիդ, նատրիում, կալիում, 0-ից ցածր պարունակությամբ՝ պղինձ, ցինկ, կապար, ոսկի, արծաթ և այլ մետաղներ։

 

 

Հայտում ձևակերպելիս որպես գործունեության տեսակ նշվել է՝ «ոսկու կորզման ֆաբրիկայի շլամներ և պոչանքներ» թափոնատեսակի տեղադրում և պահում վթարային ավազանում և հանքուղիներում։ Իսկ կից փաստաթղթերում արձանագրվել է, որ ներկայացվել է նաև «անշարժ գույքի (պոչամբարի») նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական, ինչպես նաև տեղեկանք՝ պոչամբարի հագեցվածության մասին։ Դրա տակ ստորագրել է նաև «Մեղրաձոր գոլդ» ընկերության հիմնադիր և տնօրեն Վարդան Մարգարյանը։ Հետևաբար, «վթարային ավազան» կամ «թափոնների տեղադրման վայր» անվանելը զուտ ձևական բնույթ է կրել՝ քողարկելու իրական պոչամբարի առկայությունը, որը ԱԻՆ-ում չի գրանցվել որպես այդպիսին։

 

 

«Մեղրաձոր գոլդ»-ը հանքավայրի շահագործումը երկարացնելու հայտ է ներկայացրել

«Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ստացել է 2012թ․ օգոստոսին։ Ստորգետնյա և բաց մշակման եղանակով այս իրավունքը տրամադրվել է մինչև 2023թ․-ի սեպտեմբերի 10-ը ընդհանուր 384.665 հազար տոննա հանքաքար արդյունահանելու համար։

Քանի որ ընդերքօգագործման իրավունքն ավարտվում է 2023թ.-ին, ընկերությունն արդեն միջոցներ է ձեռնարկում արդյունահանումը շարունակելու համար։ Դիմել է ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու համար և ՇՄՆ ներկայացրել շրջակա միջավայրի գնահատման հայտը։ «Մեղրաձոր գոլդ»-ը մտադիր է ևս 16,7 տարի հանքաքար արդյունահանել։  

Մայիսի 24-ին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա (4-րդ փուլ)։ 

  • Կիսվել: