ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչպե՞ս են հայտարարությունը ստորագրող դատավորները համարվելու անաչառ և իրավասու քննելու այս գործը. Մարուքյան

Ինչպե՞ս են հայտարարությունը ստորագրող դատավորները համարվելու անաչառ և իրավասու քննելու այս գործը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձագանքել է Վարչական դատարանի դատավորների տարածած հայտարարությանը:

Նա, մասնավորապես, ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ վարչական դատարանի 20 դատավորներ այսօր հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ, ինչի մասին ցանկանում ենք հայտնել հետևյալը:

2021թ. դեկտեմբերի 15-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայց ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 05-ին կայացած Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին դեկտեմբերի 12-ի թիվ 37-Ա և 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ընտրված ճանաչելու պահանջների մասին։

Հաջորդ օրը հայցադիմումն ընդունվել էր վարույթ՝ 5 դատավորի կազմով, և իրականացվել գործի քննություն։

Դեկտեմբերի 21-ին Դատարանը 5-ի փոխարեն՝ 4 դատավորի կազմով կայացրել է հայցադիմումը մերժելու մասին վճիռ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու վարչական դատավարության օրենսդրությունը:

Դեկտեմբերի 23-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ գործով կայացված վճռի դեմ, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2022թ. հունվարի 07-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել:

Վերաքննիչ դատարանի նշյալ որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, և այժմ գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում։

Վարչական դատարանի դատավոր Դ. Դանիելյանի նկատմամբ վերը նշված խախտման հետ կապված հարուցվել է կարգապահական վարույթ, որի նյութերը գաղտնի են, հետևաբար՝ մանրամասները մեր կողմից ենթակա չեն հրապարակման։

Այսօր մամուլից տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանի 24 դատավորներից 20-ն ստորագրել են հայտարարություն՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ՝ դատավոր Դ. Դանիելյանի (չստորագրող դատավորների թվում է նաև անձամբ պարոն Դանիելյանը)։

Չքննարկելով տվյալ հայտարարության բովանդակային մասը՝ հարց է առաջանում, թե արդյո՞ք հայտարարությունն ստորագրող դատավորները մտածել են այն մասին, թե այն զարգացման դեպքում, եթե ակտը բեկանվի վերադաս դատարանի կողմից, և գործն ուղարկվի նույն ընթացակարգով (5 դատավորի կազմով) վարչական դատավարում նոր քննության, ապա 5 դատավորի կազմ, ովքեր չեն ստորագրել այդ հայտարարությունը, վարչական դատարանում չի մնում։

Իսկ եթե նրանք կանխատեսել են այդ հնարավորությունը, ապա ինչպե՞ս են հայտարարությունը ստորագրող դատավորները համարվելու անաչառ և իրավասու քննելու խնդրո առարկա վարչական գործը։

Հարգարժա՛ն դատավորներ,

Այս ամենի արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարող է զրկվել ՀՀ վարչական դատարանում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու հնարավորությունից»:

 

  • Կիսվել: