Ինչո՞ւ եք օգնում Սերժ Սարգսյանին, այս ի՞նչ դավադրություն է․ Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցությանը
Այսօր առավոտվանից սկսված պրոցեսը հակասահմանադրական է: Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին սխալ է։ Այս մասին ԱԺ-ում Սահմանադրության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երբ ես այս շենքում 7 տարի կռիվ էի անում Հրայր Թովմասյանի հետ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին: Մեզ մեղադրելը բարդ է»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանի խոսքերով, մեծ սխալ քայլ է արվում.
«Եթե քննարկում ենք իրավական բնույթի հարց, ապա իրապես իրավունքի դաշտից դուրս ենք, եթե քննարկում ենք քաղաքական հարց, ապա քաղաքական մեծ սխալի ճանապարհին ենք, եթե քննարկում ենք ինչ-որ մարդկանց խնդիր լուծելու հարց, ափսոս ենք մենք: Պարզ է, որ այսօր ամենահեշտը ՀՀԿ-ականներին հիշելն է, նրանց հայհոյելն է: Մենք բոլորս այդ մասին գիտենք: Պարզ է, որ հեշտ է մեղադրել նախկիններին, պարզ է, որ շատ դժվար է լինելու որևէ ձևով մեզ՝ նրանց, ովքեր համաձայն չեն, դիտարկել որպես Հրայր Թովմասյանի կամ նախկինների պաշտպան»:
ԼՀԿ ղեկավարի խոսքերով, Ազգային ժողովում այդպես էլ անպատասխան մնաց, թե որ բարեփոխմանն է խանգարել ՍԴ-ն.
«Ես չեմ հասկանում, ժողովրդին ինչու եք տանում տեղամասեր: Այստեղ արեք, ինչ անում եք: Մարդիկ ներվեր ու հավես ունե՞ն ընտրական պրոցեսի մեջ մտնելու: Սրանով դուք շանս եք տալիս ձեր ասած սևերի մեդիային, ինչո՞ւ եք օգնում Սերժ Սարգսայնին, այս ի՞նչ դավադրություն է, ի՞նչ եք անում: Հանրաքվեի օրենքը կարդացե՞լ եք: Պետությունը 60 օր մտցնում եք քարոզարշավի մեջ: Դուք գիտե՞ք, որ Արցախում ընտրություններ են սպասվում: Մի՞թե արժեր Հրայր Թովմասյանի համար այսքան բան արժեզրկել ու զոհգաբերել, որ միջազգային կառույցներում Հայաստանի մասին հայտարարություններ ընդունվեն: Ոչ, չարժեր։
«Այ ժողովուրդ ջան, ձեզ անիմաստ տանում են տեղամասեր: Դուք արդեն գնացել եք, 73 տոկոսի մանդատ եք տվել, որ աշխատեն ու զարգացնեն երկիրը: Իսկ հիմա ձեզ նորից ուղարկում են տեղամասեր, չնայած իշխանություններն ունեն բացարձակ իշխանություն: Ուզում եք մեզ համոզել, որ Թովմասյանն էր խանգարո՞ւմ: Ծիծաղեցնում եք: Հրայր Թովմասյանին անիմաստ հերոս եք դարձնում»,-ասաց նա