շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյնաը 4 գործոն ներկայացրեց

Ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյնաը 4 գործոն ներկայացրեց

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ եթե այդ փաստը տեղի ունենար 7-10 տարի առաջ, ապա առավոտից երեկո բոլորս կլսեինք, թե ինչպես ՀՀ հմուտ արտաքին քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ անհնարինը, բայց հիմա նման բան չկա: 

«Հիմա ընդհակառակն է՝ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ այդ փաստը տեղի չունենար, բայց ի հեճուկս թրքասեր իշխանությունների....  ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ այդտեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ և երկու կարճաժամկետ գործոն:

Երկարաժամկետը գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այն դիսոնանսը, որը առաջացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Կարճաժամկետ գործոններից առաջինը 44-օրյա պատերազմն է և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, մյուսը՝ ՀՀ ժողովրդավարական երկիր լինելը: Այս չորս գործոններն են, որ, իմ համոզմամբ, բերել են ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ տեղի ունեցողը կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի և նրա կարգավորման հետ: «Եթե ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստին ավելացնենք այն մեկնաբանությունները, որոնք տվեց ՌԴ նախագահը՝ խոսելով հարցի ծագումնաբանության և Արցախի հայության անվտանգության մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարություններն ու այն գործընթացները, որոնք եղան Ֆրանսիայում, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո: Եվ եթե գումարենք դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ պատերազմից հետո արած երկրորդ հայտարարությունը, ապա կտեսնենք, որ բոլոր գործընթացները մեկը մյուսի հետ ունեն խորքային կապ»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: