շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա պիտի պարզվի. Սրբուհի Գրիգորյան

Ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա պիտի պարզվի. Սրբուհի Գրիգորյան

Բաքվում Արցախի վերջին պատերազմին նվիրված «պուրակ»–ի մասին տեղեկատվությունը բնավ զարմանալի չէր: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Առավել զարմանալի են ադրբեջանցիների հետ հիմա համատեղ ապրելու ձեր գաղափարները և Թուրքիային բարեկամական ձեռք մեկնելու ձեր մտքերը: Ապրիլի 24-ին հաշված օրեր են մնացել: Մենք ի՞նչ է, մի ձեռքով ծաղիկ ենք դնելու խոնարհումի հուշարձանին, իսկ մյուսով ձե՞ռք ենք պարզելու Թուրքիային: Բա մեր պահանջատիրությունը, բա ազգային մեր արժանապատվությունը, բա միլիոն ու կես մորթված հայերի հիշատակը: Ավելին ասեմ, 2020-ի պատերազմը հարյուր և ավելի տարի առաջ մեր ժողովրդի հանդեպ արված ցեղասպանության շարունակությունն էր, անհավասար ու դաժան պատերազմ՝ արգելված զենքերի կիրառմամբ»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել այդ կռվում, նրան անթաքույց ու բացահայտ օգնեց Թուրքիան:

«Հո ամնեզիայով չե՞նք տառապում վերջապես, մենք կորցրել ենք Շուշին, Հադրութը, հազարավոր զոհեր, որ անգին են մեզ համար: Երկու օր առաջ Սիսիանի ազատամարտիկների պանթեոնում մի կին միանգամից 3 շիրմի վրա էր լաց լինում: Մեկից մյուսն էր գնում, ասում էր ամբողջ տունս այստեղ է: Ո՞վ կարող է պատասխան տալ այդ կնոջը, մյուսներին: Այսօր այսպես սահուն շրջանցվեց մի թեմա, գերիների հետվերադարձման ստի թեման, որտեղի՞ց եկավ այդ սուտը, ո՞վ էր իր կարողություններն այդչափ գերագնահատել, ինչո՞ւ դա արվեց, ինչո՞ւ աղ լցվեց գերեվարված մեր քաղաքացիների ծնողների վերքի վրա, սա էլ պիտի պարզվի»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: