հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա լու՞րջ ես ասում. իմքայլական Սուրեն Գրիգորյանը պատասխանել է նախկին թիմակից Էդգար Առաքելյանին

Սա լու՞րջ ես ասում. իմքայլական Սուրեն Գրիգորյանը պատասխանել է նախկին թիմակից Էդգար Առաքելյանին

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է իր նախկին թիմակից Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ կապված ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի և իշխող ուժի՝ դրա վերաբերյալ տեսակետի արտահայտելու հետ:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Էդգար Առաքելյան ջան, քանի որ հարցդ ուղղել ես «Իմ Քայլի» ամեն պատգամավորի, ես իմ մասով պատասխանեմ։

Ուրեմն ես, Էդգար ջան, թե՛ ԱԺ-ն, թե՛ «Իմ Քայլը» խմբակցությունը և թե՛ Քաղաքացիական պայմանագիրը դիտարկում եմ որպես ինտիտուտներ։ Ինստիտուտներն իրենց մեջ ունեն որոշակի հիերարխիա և անձինք, ովքեր, կարելի է ասել, լիազորված են խոսելու այդ ինստիտուտների անունից։

Երեկ, եթե ուշադիր ես եղել, «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարը «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Կարծում ես Լիլիթ Մակունցն իրեն թույլ կտա՞ խոսել խմբակցության անունից, եթե համոզված չլինի, որ խմբակցությունում իր ասածի մասով կոնսենսուս կա։

Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը, ով մեր քաղաքական թիմի քաղաքական առաջնորդն է, շատ ավելի հանգամանալից անդրադարձավ իրավիճակին և իր ելույթում 6 անգամ ուղղակի և անուղղակի գնահատական տվեց տեղի ունեցածին և բռնության երևույթին: Մասնավորապես․

Ելույթի 1։20․ «Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով»,

Ելույթի 4։32․ «Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այնտեղ՝ ամբիոնից ներքև»,

Ելույթի 5։50 «Ես ուզում եմ ուղիղ ասել՝ բայց դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների: Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների»,

Ելույթի 7։44 «Եվ, այո՛, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ, և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ՝ անձամբ, ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք Հեղափոխությունից հետո»,

Ելույթի 10։50 «Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի: Չպետք է կրկնվի»,

 

Ելույթի 12։18․ «Բայց ես էլի ուզում եմ ասել՝ այո՛, ժողովուրդ, մենք պարտվեցինք: Ես դատապարտում եմ Ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, ես դատապարտում եմ ինձ, ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ծառայության՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին և այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»։

Բոլոր վերը նշված հատվածները պարունակող ելույթը ես տեղադրել եմ իմ էջում։

Հիմա եթե կարծում ես, որ ես այսքանից հետո, պետք է մի հատ էլ գրառում կատարեմ, որ բոլորը տեսնեն, որ ես համաձայն եմ բոլոր գնահատականների հետ և կիսում եմ դրանք, ապա ես այդպես չեմ կարծում։

Ինչ վերաբերում է սադրանքներին հղում կատարելուն։

Ուրեմն եթե դու կամ այլ անձ մտածում է, որ սադրանքներին հղում կատարելը, նշանակում է, որ մենք մեզ արդարացնում ենք, դա, կներես, ընկալման խնդիր է։ Մենք շատ հստակ ֆիքսել ենք մեր վերաբերմունքը տեղի ունեցածին, բայց նաև անհրաժեշտ ենք համարել, որ կոնտեկքստը պարզ լինի, որովհետև իրավիճակը, որում դու դիմացինի նկատմամբ բռնություն ես կիրառում պարզապես այլակարծության համար, տարբերվում է իրավիճակից, երբ դիմացինդ շարունակաբար քեզ սադրում է, վիրավորում է, ցինիկ ծիծաղով է արձագանքում քո ելույթներին։

Արդյո՞ք քաղաքական գործիչն այդ ամենին պետք է պատրաստ լինի․ միանշանակ այո։

Արդյո՞ք դրանից երեկ տեղի ունեցածն անընդունելի երևույթից վերափոխվում է ընդունելիի․ միանշանակ ոչ։

Արդյո՞ք դա ազդում է կատարողի մեղքի աստիճանի վրա․ ըստ իս այո։

Անդրադառնամ նաև գրառմանդ հետևյալ հատվածին․ «Չկա-չկա՝ գոնե «գալըչկի» համար, պատմության համար, ձեզ ընտրած, ձեր հետ հույսեր կապող քաղաքացիների առաջ պարզերես լինելու համար, ապագայում նմանատիպ երևույթներին խիստ գնահատական տալու իրավունքը պահպանելու համար, խիղճը մաքուր պահելու համար։»։

Սա լու՞րջ ես ասում։ Այսինքն առաջարկդ այն է, որ ըստ քեզ չդատապարտելով բռնությունը, նենց ինչ ա օրինակ դու ինձ չքննադատես պետք ա գրեմ կամ ասեմ մի արժեքային բան, որին կարող եմ և չհավատա՞լ։ Ես միշտ կարծել եմ ու կարծում եմ, որ այն մեծաթիվ կամ փոքրաթիվ մարդիկ, որոնք ինձ ճանաչում են և ցանկանում են, որ ես շարունակեմ իմ գործունեությունը որպես պատգամավոր, պետք է հենց հիասթափվեն ինձնից, եթե ես մի օր անեմ առաջարկածդ՝ «գալըչկի» համար բան գրեմ կամ ասեմ՝ չհավատալով գրածիս կամ ասածիս։ Անկեղծ ասեմ՝ առաջարկդ անգամ վիրավորական է։

Ինչ վերաբերում է հորդորելու իրավունքին, ապա ասեմ, որ նմանատիպ հորդորներ կարող են և անում են գրեթե բոլորը թե՛ թիմի ներսում, թե՛ թիմից դուրս, և մենք բոլորի ասածները լսում ենք, բացառությամբ քեզ հայտնի շրջանակներից։

Ինչ վերաբերում է քո հորդորելու իրավունքը ՎԱՍՏԱԿԵԼՈՒՆ, ապա հարգելով քո որոշումը և դրան գնահատական չտալով, ասեմ, որ նման որոշում կայացնելը հաճախ ավելի հեշտ է, քան նման որոշում Չկայացնելը։

Հ․Գ․ Կներես, եթե ինչ-որ հատվածներում չափից ավելի կոշտ եմ արձագանքել, բայց դրա պատճառը հենց քո անձի կողմից, ըստ իս, նման շատ միակողմանի և սխալ քննադատության հնչեցնելն է, որին չեմ դադարելու ուշադիր լինել՛՛։

  • Կիսվել: