չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Իմ ընտանիքը երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել․ ՊԵԿ նախագահ

Իմ ընտանիքը երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել․ ՊԵԿ նախագահ

Համավարակով պայմանավորված կանխատեսումները եւ սպասումները շատ անորոշ են, դրա համար պետք է սպասել եւ ժամանակը ցույց կտա՝ երկնիշ թվեր կլինեն, թե՝ ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարկ վճարողի օր սահմանելու իր առաջարկին, եւ հարցին, թե այդ քայլի նպատակը ո՞րն է, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Մենք չենք անում դա, որպեսզի հարկերն ավելանան։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր հիմնավորումն ու տրամաբանությունը։ Կառավարությունը, կարծում եմ, որ իր բոլոր լուրջ գործերով զբաղվում է։ Հարկ վճարողի օր սահմանելու գաղափարի տակ տրամաբանություն ենք դրել, իսկ ինչո՞ւ հարկ վճարողը տարվա մեջ չունենա իր օրը, ինչո՞ւ չմատնանշվեն օրինապահ հարկ վճարողները, որոնք ջանք չեն խնայել, որպեսզի սահմանված կարգով եւ ամբողջությամբ պետական բյուջե հարկեր վճարեն»։

Խոսելով մամուլում շրջանառվող այն լուրին, թե ՊԵԿ նախագահի հայրն ակտիվ ներգրավված է Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին՝ Հովհաննիսյանը հերքեց այդ լուրը.

«Իմ ընտանիքը երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում։ Իմ հայրը 2008 թվականից սկսած համայնքի ղեկավար է, նա անկուսակցական է։ Նա որպես անկուսակցական է մասնակցել ընտրություններին։ Որեւէ քարոզարշավի կամ մարզային այցերի համայնքի շրջանակներից դուրս երբեք չի ներգրավվել։ Բնակիչներին որեւէ մեկը հանդիպման վայր չի ուղղորդել։ Բնակիչներն իմացել են, որ երկրի վարչապետը գալու է իրենց համայնք եւ մեծ ուրախությամբ ներկա են գտնվել»։

Լրագրողի դիտարկմանը, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները բողոքում են, թե իրանական միրգ-բանջարեղեն է ներկրվել եւ արդյունքում հայկական ապրանքը չի վաճառվում, հարցին՝ քանի՞ տոննա է ներկրվել իրանական միրգ-բանջարեղեն, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող ասել՝ քանի տոննա է ներկրվել. «Ներկրումներ կան, բայց չեմ կարող ասել, թե որ ապրանքից քանի տոննա է ներկրվել»։

 

 

  • Կիսվել: