«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցը հավելեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հնարավորություն չեն տալիս Սահմանադրության գործող կարգավորումները:
ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը, արդյունքը: «Իմ քայլը» ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է այլ տարբերակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակը, նաև առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի կազմով հանդիպում ունենալ, քննարկել, թե արդյոք կարող են լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը:
«Մենք Էդմոն Մարուքյանի հետ քննարկել ենք այդ հարցը, քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելը, ուսումնասիրություններ կատարելը՝ակներև դարձնելն այն ամենը, ինչը հարցեր է հարուցում»,-ասաց Մակունցը:
Արձագանքելով հնչող տեսակետին, թե պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչներն Արցախ այց չեն կատարում՝ Մակունցը հավաստիացրեց, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նա վստահեցրեց, որ «Իմ քայլը»-ի պատգամավորներն այցելում են Արցախ: Նազելի Բաղդասարյանն էլ ակտիվորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով:


