շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Իմ քայլն» անում է ամենը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ. պատգամավոր

«Իմ քայլն» անում է ամենը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ. պատգամավոր

Ցանկացած տրամաբանող մարդու համար նորություն չէ, որ մեր երկրի ներքաղաքական լարումները մշտապես օգտագործվել են ադրբեջանական իշխանությունների կողմից ընդդեմ Հայաստանի, իսկ հետպատերազմյան շրջանում ներքին անկայունությունն էլ ավելի է բարդացնում թե՛ գերիների վերադարձի հարցի, թե՛ այլ կարևորագույն հարցերի շուրջ վարվող բանակցությունների ընթացքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը

«Եվ այս ամենի ֆոնին հայրենիքի փրկիչներ ինքնահռչակված խումբը երեկվանից կեղտոտ արշավ է սկսել գործընկերոջս՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ այն բանից հետո, երբ տիկին Բաղդասարյանը հարցազրույցի ընթացքում իրավացիորեն նշել էր, որ ներքաղաքական լարված իրավիճակը խոչընդոտ է հանդիսացել նախորդ շաբաթ մի խումբ գերիների վերադարձին։
 
Պաշտոնի դիմաց գերիներին 3 օրում վերադարձնել խոստացողների բրիգադի որոշ ներկայացուցիչներ համարձակվում են բարոյական գնահատականներ հնչեցնել գործընկերոջս նկատմամբ, որն օրնիբուն աշխատանք է իրականացնում մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ուղությամբ։
 
Այս մարդկանց մասին շատ ասելիք չկա․ նրանց թե՛ մարդկային, թե՛ բարոյական արժեքների բացակայության փաստը արձանագրվել է բազմիցս, ակնհայտ է նաև, որ նրանց համար ազգային անվտանգային և պետական շահը առոչինչ են իրենց տերերի նեղ քաղաքական ու անձնական շահերի դիմաց։
 
Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ մեր հասցեին հոգեբանական և ֆիզիկական սպառնալիքներ, վիրավորանքներ հնչեցնեն, փորձեն խոչընդոտել որոշ գործընթացներ, վստահ եղեք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ամուր կանգնած է իր տեղում և անում է ամենը գերիների վերադարձի, անհետ կորածների հայտնաբերման, երկրում կայունության հաստատման հասնելու ուղղությամբ»,- գրել է պատգամավորը:

  • Կիսվել: