հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը. «Իրատես»

«Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Պատերազմում պարտություն կրելուց, նոյեմբերի 9-ի ամոթալի ու խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունն այս օրերին զբաղված է «հույժ կարևոր» գործով՝ Ընտրական օրենսգիրք է բարեփոխում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովում գրում ու ջնջում են, Սորոսի գրասենյակից սնվող կազմակերպությունից հյուրեր են կանչում, քննարկումներ ու վերլուծություններ անում, որ, իրենց ասելով, անթերի ու իրենց նման ժողովրդավար նախագիծ ստանան:

Ռազմագերիների, անհետ կորածների, երկու օր առաջ Հին Թաղերում խաղաղ պայմաններում գերի ընկածների հարցը թողած՝ «ամենաթափանցիկներն» ու «ժողջանի» ճակատագրով «մտահոգվածները», փաստորեն, օրենսգիրք գրելու ոչ միայն ժամանակ, այլև սիրտ ունեն: Նոր ԸՕ ունենալու հրահանգը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն է իջեցրել: Օրերս խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ու Փաշինյանի հանդիպման օրակարգում բացառապես ԸՕ-ի հարցն է եղել: Պարզ է՝ իշխանությունն ինքնակամ հրաժարական տվողը չէ: Նրանք, ինչպես Փաշինյանն է ասում, ո՛չ մեղավորություն ունեն կատարվածի մեջ, ո՛չ էլ հասկանում են՝ ինչ է կատարվել ու կատարվում:

«Կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի» տարբերակով շարունակում են, ճառ ասել ու մեղավորների որսով զբաղվել: «Դուք ուրիշ թեմա չունե՞ք քննարկելու, այլ հարց չունեի՞ք ձեր առաջնորդին»,-հարցրեց «Իրատեսը» իմքայլականներից մեկին: «Իհարկե ունենք, ու թող չթվա, թե նրա ասածների ու մտքերի հետ համակարծիք ենք ամբողջությամբ»,-պատասխանեց պատգամավորը: «Չհամաձայնողն ու մտքերի հետ համակարծիք չլինողը քաղաքական քայլ է անում, բարձրաձայնում է այդ մասին, խմբակցությունից է դուրս գալիս ի վերջո»,- հակադարձեցինք: «Վստահեցնում եմ՝ «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի մարդ շատ խիստ, շատ կոնկրետ դրել ու դնում է Փաշինյանի հրաժարականի հարցը:

ՈՒ ոչ միայն Փաշինյանի, բոլոր նրանց, որոնք միայն անունով են պաշտոն զբաղեցնում: ՈՒ՞ր են այս օրերին, քանի՞ պաշտոնյա կա, որ հետպատերազմյան արհավիրքների դեմն է փորձում առնել: Ինչ վերաբերում է քաղաքական ժեստ անելուն, դա ընտրության հարց է: Կոնկրետ մի քանիսով որոշել ենք դուրս չգալ խմբակցությունից ու ներսում «ընդդիմություն» լինել»,- նշեց մեր զրուցակիցը:

Թե ինչպես են պատգամավորները քննադատում իրենց «անթերի» առաջնորդին կամ ինչպես են իրենց ուսերին տանում ընդդիմադրի ծանր լուծը, ենթադրել կարելի է Նիկոլ Փաշինյանի մեկը մյուսին հակասող հայտարարութուններից, երկրի վարչապետին ոչ հարիր, չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մարդկանց «սևերի» ու «սպիտակների» բաժանելու արատավոր երևույթից չհրաժարվելուց: Ակնհայտ է՝ իշխանությունը, որ երկու տարի առաջ ԸՕ-ն փոփոխելու քաղաքական կամք չուներ ու արտահերթ ընտրությունները դեռ նախորդ իշխանության ժամանակ փոփոխված օրենսգրքով անցկացրեց, այժմ փորձում է հասկանալ՝ իշխանությունը երկարաձգելու ինչ մեխանիզմներ կարող է կիրառել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: