հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իմ և «Դիմադրություն» շարժման նպատակը համընկնում է, դրան հասնելու ճանապարհներն են տարբեր.  Վանեցյան (տեսանյութ)

Իմ և «Դիմադրություն» շարժման նպատակը համընկնում է, դրան հասնելու ճանապարհներն են տարբեր. Վանեցյան (տեսանյութ)

Չեմ համարում, որ պայքարը ձախողվեց, այն այս փուլում չհաջողվեց, բայց պայքարը շարունակելու ենք և հասնելու ենք մեր նպատակին անպայման։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս փուլում պետք է սկսենք լայն երկխոսություն հանրության հետ, խոսենք ժողովրդի հետ, լինենք Երևանի տարբեր թաղամասերում և խոսենք մարդկանց հետ։
Մարդիկ լսելու և լսվելու կարիք ունեն, մարդկանց հետ պետք է լինել ազնիվ, բաց և թափանցիկ։ ԱԺ-ն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է գործունեություն ծավալենք, դա չի նշանակում, որ իմ մյուս գործընկերները սխալվում են, միգուցե ես եմ սխալվում։ Ժողովուրդը մեզ տվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու համար։ Իմ ընտրողը ինձ չի տվել մանդատ, օրինակ, սնդիկի մասին օրենքը քննարկելու՛՛:

Վանեցյանը վստահեցրեց, որ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցությունը մնալու է Ազգային ժողովում, պարզապես դրանում ներկայացված չեն լինելու ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության անդամները։ Նա ընդգծեց, որ անկուսակցական պատգամավորներն ազատ են իրենց որոշումներում՝ մնալ  ԱԺ-ում, թե ոչ։

Բացի այդ՝ Վանեցյանը նաև ասաց. ՛՛Իմ և ՛՛Դիմադրություն՛՛ շարժման օրակարգերը և նպատակը համընկնում են, ուղղակի դրան հասնելու ճանապարհներն են տարբեր։ Շարժումը ունեցել է որոշակի հաջողություններ և որոշակի բացթողումներ, դրա համար դեռ չի հասել նպատակին։ Շարժումը կանխել է հնարավոր կապիտուլյացիոն փաստաթղթերը, ցույց է տվել, որ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների ու երկրորդ կապիտուլյացիայի։ Սա համազգային շարժում է՝ ղարաբաղյան շարժման նման՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Նա նաև հայտնել էր, որ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքը:

Մանրամասները՝ տեսանյութում. 

 

  • Կիսվել: