կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ ռազմատենչ հռետորաբանությամբ է հանդես եկել և դիմել դրանց գործնական կիրառմանը․ Գարդման-Շիրվան-Նախիջևանը՝ Ներքին Հանդի դեպքերի մասին

Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ ռազմատենչ հռետորաբանությամբ է հանդես եկել և դիմել դրանց գործնական կիրառմանը․ Գարդման-Շիրվան-Նախիջևանը՝ Ներքին Հանդի դեպքերի մասին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։ Միության հայտարարությունը ստորև․

«Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը դիմել են ռազմական գործողությունների Ներքին Հանդ գյուղի հատվածում հայկական զինված ուժերի նկատմամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Ադրբեջանի կողմից որպես նախօրեին տեղի ունեցած միջադեպի «պատասխան» գործողություն բնութագրվող այս ռազմական ագրեսիան ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից վաղուց ի վեր որդեգրված ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականության արտահայտություն։ Նման սադրանքներով Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է խաղաղության գործընթացը։ Ադրբեջանի բնակչության ավելի քան 90%-ի քվեն «ստացած» Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ ռազմատենչ հռետորաբանությամբ է հանդես եկել և դիմել դրանց գործնական կիրառմանը։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից միտումնավոր սահմանային լարվածության ստեղծումը։ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով խաթարվել են Ներքին Հանդ գյուղի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում կենսագործունեության, կրթության և այլ հիմնարար իրավունքներ։ Այս գործելաոճը խիստ բնորոշ է ադրբեջանական վարչակարգին։ Մարդու իրավունքների արմատական ոտնահարումը վերջին երեք տասնամյակների ադրբեջանական իշխանության հիմնական գործիքակազմն է, որը շարունակվում է գործարկվել համապատասխան պատժիչ գործողությունների բացակայության կամ անհամարժեքության պատճառով։

Նախկինում կատարած պատերազմական հանցանքների համար պատասխանատվություն կրելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է գնալ նոր սրացումների՝ վերստին ապացուցելով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների չհայտարարված քաղաքականությունը»։ 

  • Կիսվել: