երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ի՞նչ ճակատագիր կունենա պետությանը նվիրաբերված, ապա վաճառված «Գոլդեն փելես» հյուրանոցը. «Փաստ»

Ի՞նչ ճակատագիր կունենա պետությանը նվիրաբերված, ապա վաճառված «Գոլդեն փելես» հյուրանոցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը Արմեն Ավետիսյանի կողմից 2019-ին նվիրաբերվեց պետությանը, և միայն 2,5 տարվա ջանքերից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել այն։ Գնորդը Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» կազմակերպությունն է: Մինչ այդ խոսակցություններ կային, որ հյուրանոցը սկսել է ավիրվել: Իսկ ի՞նչ վիճակում է այն հիմա: Հյուրանոցների գործադիր տնօրեն, «Project Inter-Invest»-ի զբոսաշրջության բաժնի ղեկավար Մահմուդ Սաադը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ սկսել են հյուրանոցի վերանորոգման աշխատանքները:

«Համապատասխան փոփոխություններ ենք կատարում, որպեսզի այն էլ ավելի հարմարավետ դառնա մեր բոլոր հյուրերի համար: Շինարարական տարաբնույթ աշխատանքներ ենք կատարում, ջրահեռացման համակարգն ենք թարմացնում, ընդունարանը, ռեստորանը, բայց կային, օրինակ` սենյակներ, որտեղ մեծ փոփոխություններ չենք կատարել»,- ասաց նա:

Մահմուդ Սաադը նաև տեղեկացրեց, որ հյուրանոցը վերանվանվելու է «Mercure Tsaghkadzor Hotel»: «Սա լինելու է «Mercure» բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում։ «Գոլդեն փելես» հյուրանոցի վերածնունդը հնարավոր է դարձել միջազգային «Accor» հյուրանոցային խմբի և «Project Inter-Invest» ընկերության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»,- նշեց պարոն Սաադը՝ հավելելով, որ դեռ շատ անելիք ունեն:

«Նաև ներքին հարդարման աշխատանքներն ենք սկսելու, որը նույնպես իրականացնում ենք «Accor» ընկերության հետ խորհրդակցելով, ամեն ինչ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելով: Ներկայում աշխատում ենք նախագծի վրա և երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք, թե ինչպիսին է լինելու սենյակների դիզայնը, ներքին հարդարումը և ոչ միայն: Հուսով եմ, որ բոլոր աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ, և դեկտեմբերին հյուրանոցը կբացի իր դռները:

Անում ենք առավելագույնն այդ ժամկետներում բոլոր աշխատանքներն ավարտելու համար, տեմպ ենք հաղորդել մեր աշխատանքներին: Իրականում բավականին կարճ ժամկետներում արդեն իսկ հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել` վերադասավորումներ, փոփոխություններ, նորոգում և այլն»,- տեղեկացրեց Մահմուդ Սաադը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: