շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչ գործունեություն է իրականացնում «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որը գնել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը

Ինչ գործունեություն է իրականացնում «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որը գնել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հաղորդմամբ՝ իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովն այսօր ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։

Հյուրանոցի գնորդը «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունն է։ InfoPort.am—ին հայտնի է, որ «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, զբաղվում է  ալյուրի արտադրությամբ ու բեռնափոխադրմամբ:

Ընկերությունը գործում է Արարատի մարզ, քաղաք Մասիսում։ Տնօրենը՝ Նարեկ Նալբանդյանն է։

2019-ի նոյեմբերին Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեց մաքսատուրքից:

Նշենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի գնման մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի՝

 
1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը.
2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 1-ը.
3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը.
4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը.
5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 1-ը: 
 
Ընկերության կողմից, գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր։

 

  • Կիսվել: