շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ի՞նչ քաղաքական նպատակ ունի ՀՀ–ն ԵՄ–ից․ ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը

Ի՞նչ քաղաքական նպատակ ունի ՀՀ–ն ԵՄ–ից․ ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ մեկնաբանեց այն հարցը, թե ինչ քաղաքական նպատակ ունի Հայաստանը Եվրոպական միության հետ հարաբերություններում` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին։
 
Պատգամավորը նշեց, որ առաջիկայում ԵՄ–ի համար Ադրբեջանը կարևոր գործընկեր է դառնալու էներգետիկայի ոլորտում։
 
«ԵՄ–ն Ադրբեջանի հետ հարաբերություններում շատ կոնկրետ նպատակ ու ակնկալիքներ ունի։ Դրանք չեզոքացնում են իրենց մնացած մոտեցումները, այդ թվում՝ ժողովրդավարության հետ կապված։ Իրենք Ադրբեջանի նավթի ու գազի կարիքն ունեն, դրա համար սերտ համագործակցում են։ Ադրբեջանը կարող է դառնալ իրենց գործընկերը Միջին Ասիայից նավթամթերք ստանալու համար,– ասաց Գևորգյանը և Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ԵՄ–ն ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի պարագայում` աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն։
Փոխնախարարն այս հարցը զգայուն որակեց և ընդգծեց, որ այդ հանգամանքները կարելի է նշել նաև այլ երկրների մասով` Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի։
 
«Բոլոր այս երկրների հետ կա և՛ նավթի, և՛ գազի գործոնը։ Այո, էներգետիկ ոլորտը շատ զգայուն է ԵՄ–ի համար։ Միևնույն ժամանակ մյուս ոլորտներն էլ են զգայուն` ժողովրդավարությունը, կայունության գոտին, Արևելյան գործընկերությունը և այլն։ Առաջնային այդ մոտեցումը շարունակում է մնալ ԵՄ–ի օրակարգում»,– նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` պետք է հնարավորինս նվազեցնել այդ ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նավթի, գազի, մարդու իրավունքների, քաղաքական նպատակահարմարության ռեֆորմների դեմ։
 
«Սա խորը ակադեմիական վերլուծության ոլորտ է, բայց ակնկալիքներ իսկապես կան, ԵՄ–ն եղել է և շարունակում է մնալ Հայաստանի ռեֆորմների ու բարեփոխումների կարևորագույն գործընկերը։ Մեր օրակարգի ձևավորումը շատ լուրջ հիմքեր ունի։ Ռիսկերը հաշվի առնելով՝ ամեն դեպքում այդ գործոնը չէի գերագնահատի»,– նշեց Հովհաննիսյանը։
 
Ի պատասխան Գևորգյանը հայտարարեց, որ Հովհաննիսյանն իրեն վատ վիճակի մեջ դրեց՝ հիշատակելով Վրաստանը, քանի որ այդ երկիրը ԵՄ–ի հետ համագործակցության կոնկրետ նպատակ է դնում և պայքարում է միանալու կամ գոնե հրավեր ստանալու համար։
«Այդ պատճառով ես հարցնում եմ, թե ինչ քաղաքական նպատակ ունենք մենք ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում։ Արդյոք նրանք ունեն ակնկալիքներ՝ կապված մեր աշխարհաքաղաքական մոտեցումների փոփոխության հետ»,- հարցրեց Գևորգյանը։
 
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Հայաստանը բարձրաձայնել էր իր նպատակը՝ առավելագույնս զարգացնել համագործակցությունը ԵՄ–ի և նրա անդամների հետ:
«Վրաստանի հարցում լուծումը պետք է լինի տարեվերջին, սպասենք և տեսնենք, թե դա ինչպես կավարտվի»,- ասաց Հովհաննիսյանը:
 
Ընդ որում, նրա կարծիքով, Թբիլիսիի ջանքերն այդ ուղղությամբ դրական ավարտ կունենան։
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ հայտարարեց, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում վարում է համալիր հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականություն։
 
«Դուք բերեցիք Վրաստանի օրինակը, բայց մենք տեսնում ենք, թե ինչ դժվարությունների առջև է նա կանգնել իր նպատակներին ամբողջությամբ հասնելու ճանապարհին։ Մենք տեսնում ենք, թե ինչ նախապայմաններ են անընդհատ առաջ քաշում եվրոպացի գործընկերները։ Այդ հարաբերությունների կարգավորումից կախված կլինի, թե ինչպիսի հարաբերություններ կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ»,- նշեց Եղոյանը։
 
Ինչ վերաբերում է Գևորգյանի հարցին, ապա, Եղոյանի խոսքով, այն մշակման փուլում է, և հարցի պատասխանն այս շաբաթների ընթացքում ձևավորվում է։

  • Կիսվել: