շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ի՞նչ գործ ունեք մեր նախընտրական խոստումների հետ․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

Ի՞նչ գործ ունեք մեր նախընտրական խոստումների հետ․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը իշխող խմբակցությանը մեղադրում է Արցախի հարցի համատեքստում իր նախընտրական խոստումները չկատարելու մեջ: Ազգային ժողովի լիագումար նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատեց իշխող ուժին` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգ մտցնելուց հրաժարվելու համար:
 
Ավելի վաղ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելն արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:
Դիմելով ամբիոնից նստաշրջանի օրակարգը ներկայացնող խոսնակ Ալեն Սիմոնյանին՝ Մինասյանը հայտարարեց, որ իշխող խմբակցությունը ոչ միայն խախտել է նախընտրական խոստումը ազգային առանցքային հարցում, այլև անում է այդ խոստմանը տրամագծորեն հակառակ ամեն ինչ: Եվ իր գործողություններով իշխանական խմբակցությունը սպանում է պառլամենտարիզմը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում։
«Արդյոք չե՞ք մտածում, որ հիմա ձեր վարքագիծը՝ որպես քաղաքական մեծամասնություն, ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլև օրենքների անտեսմամբ, սահմանադրական կարգավորումների անտեսմամբ, մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ»,- նշեց Մինասյանը։
 
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց Մինասյանին, թե ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ։
 
«Ինչ վիրավորանք ասես՝ ասեցիք մեզ, մեր ընտրողներին։ Էնքան արեցիք դա, որ անգամ վիրավորանք բառն իր իմաստը կորցրեց։ Էնքան արժեզրկեցիք խոսքը, բառը․․․ Դուք մեր ընտրողների հետ ի՞նչ գործ ունեք։ Մի մասը մեզ ընտրել է առնվազն նրա համար, որ դուք հանկարծակի այստեղ չհայտնվեք»,- ասաց Սիոնյանը։
 
ՀՀ ԱԺ նախագահը վստահ է, որ ընտրողների մի ստվար զանգվածի ցանկությունն իրենք կատարել են, իսկ մնացյալի հետ կապված խոստացավ՝ կխոսեն ընտրողների հետ 2026 թվականին։

  • Կիսվել: