չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

Հույս ունենք՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարներին, ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի իրականացմանը և վիզաների ազատականացման հարցով բանակցություններին։ Հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մասնավորապես ասել է. 
 
Քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ: Կառավարությունը հավանություն տվեց նախաձեռնությանը, և հավանականությունը մեծ է, որ խորհրդարանն այն կընդունի: Դա հնարավորություն կտա սկսել Եվրամիությանն ավելի մոտ լինելու գործընթացը՝ իրավական տեսանկյունից: Մենք դա ցանկանում ենք, քանի ժողովրդավար պետություն ենք:
 
Այժմ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Եվրամիության հետ, և վերջին տարիներին հսկայական դրական փոփոխություններ են կատարվել ԵՄ-ի հետ հարաբերություններում: Օրինակ՝ սկսել ենք վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը մեր օրակարգում էր տարիներ շարունակ, սակայն  մենք ի վիճակի չէինք նույնիսկ բանակցություններ սկսել այդ առթիվ։ Դա, իհարկե երկար գործընթաց է, բայց մենք հուսով ենք, այն կստորագրվի հնարավորինս շուտ: Հայաստանն այժմ ընդգրկված է նաև եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Այժմ Հայաստանում է Եվրոպական քաղաքացիական առաքելությունը, ինչը նույնպես շատ կարևոր է: Մենք նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացում ենք: 
 
Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, պարզ է, որ մենք ցանկանում ենք Եվրոպայի հետ ավելի մոտ լինել նաև տնտեսապես, միաժամանակ մենք ուզում ենք տնտեսապես կապ ունենալ նաև մեր տարածաշրջանի երկրների հետ:
 
Դժբախտաբար, մեր անկախությունից հետո մենք հայտնվեցինք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են: Հետևաբար տարածաշրջանային և գլոբալ փոփոխություններին դիմակայելու և մատակարարումների խնդիրները հաղթահարելու նխատակով համար մենք առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է մեր տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցության միջոցները դարձնել ավելի արդյունավետ, ստեղծել նոր տրանսպորտային հաղորդակցություն ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ, խորացնել մեր համագործակցությունն Իրանի ու Վրաստանի հետ: Եթե սա իրականացվի, նոր ուղի կստեղծվի Հայաստանից Եվրոպա: Տնտեսականից բացի, սա նաև անվտանգային հարց է: Ինչպես դուք նշեցիք, փոխկապակցվածությունը կարևոր գործոն է կայունության և անվտանգության համար:
 
Իհարկե, այս ծրագիրը կարող է գործել , երբ մենք կայուն խաղաղություն հաստատենք Ադրբեջանի հետ, և այդ ուղղությամբ աշխատում ենք: Կարևոր է նաև Թուրքիայի հետ դիվանագիտական կապերի հաստատումը, ինչի ուղղությամբ մենք նույնպես աշխատում ենք:
 
Մարդիկ ինձ հարցնում ենք, ես լավատես եմ, թե հոռետես այս հարցում: Պետք է ասեմ, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, պարզապես պրագմատիկ եմ: Մենք պետք է աշխատենք մինչև հարցի լուծումը: Կարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է, կենտրոնանալ նպատակի վրա, շարունակել աշխատել, առանց հետ կանգնելու ու հիասթափվելու: Իհարկե այս հարցում մենք ունենք միջազգային հանրության աջակության կարիքը, և ես հույս ունեմ, որ այդ աջակցությունը կտրամադրվի»:

  • Կիսվել: